Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում պատգամավորներն ընդունել են 2014-2020թթ. ԵՄ-ի նոր 7-ամյա բյուջետային համաձայնագիրը: Կառույցի գործադիր մարմնի առաջարկների համաձայն, որոնք ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ, ԵՄ ծախսերն այդ շրջանում կկազմեն մոտ 960 միլիարդ եվրո: Ըստ այդմ՝ անդամ պետությունները պետք է կառույցի գանձարանին աջակցեն 908 միլիարդ եվրոյով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Այսպիսով, այս 7-ամյա բյուջետային պլանը իր ծախսային և եկամտային մասով ավելի քան 3 տոկոսով քիչ է, քան ներկայիս 2007-2013թթ. ֆինանսական համաձայնագիրը:
Հաշվարկային շրջանի արդյունքներով հասարակության բյուջեում մնացած գումարները չեն վերադարձվի ազգային ֆինանսական համակարգեր, այլ ավտոմատ կերպով կվերաբաշխվեն տարբեր ծրագրերի միջև:
2014-2020թթ. համար նախատեսվող միջոցների 37.8 տոկոսը կուղղվի ԵՄ ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության զարգացմանը, 34 տոկոսը՝ անդամ երկրների միջև գործընկերային կապերի ու տարածաշրջանային քաղաքականության ամրապնդմանը, 7.2 տոկոսը՝ «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում գիտական հետազոտությունների ֆինանսավորմանը, 3.1 տոկոսը՝ եվրոպական տնտեսական ենթակառուցվածքի զարգացմանը և 1.5 տոկոսը՝ ուսանողների փոխանակման Erasmus ծրագրին:











































