ԱԺ-ի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի այցի ընթացքի և դրա ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ է մեր զրույցը խմբի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
-Պարոն Մարուքյան, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպումներ են ունենում ԱՄՆ քաղաքական շրջանակների հետ՝ Կոնգրեսում և պետդեպարտամենտում: Արդյո՞ք այդ հանդիպումների ընթացքում քննարկվում են Հայաստանի ներքաղաքական զարգացումները, նախագահի արդեն կայացած ընտրությունները և ապրիլին սպասվող վարչապետի ընտրությունները:
-Չեմ հիշում, որ մեր հանդիպումների ընթացքում քննարկված լինի հարց, թե ով է պատրաստվում դառնալ նախագահ, կամ ով է պատրաստվում դառնալ վարչապետ: Կոնգրեսում և պետդեպարտամենտում մեր հանդիպումների ժամանակ քննարկվող հարցերն ավելի ինստիտուցիոնալ են և ոչ անձնավորված: Ավելի իստիտուցիոնալ են այն իմաստով, որ հետաքրքրություն կա՝ թե մենք ինչպես ենք պատկերացնում անցումը կառավարման խորհրդարանական համակարգին, որ ինստիտուտները ինչ փոփոխությունների են ենթարկվում: Ներքաղաքական բնույթի հարցեր, մեծ հաշվով, չեն քննարկվում, բայց դրա փոխարեն քննարկում ենք տարածաշրջանային նշանակության, տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ անվտանգության, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների չօգտագործված պոտենցիալին վերաբերվող հարցեր՝ ինչ կարիքներ ունենք և ինչպես ենք պատկերացնում Միացյալ Նահանգների մասնակցությունը մեր կարիքների բավարարմանը ուղղված հարցերի լուծմանը:
Խոսելով մեր հանդիպումներից, ուզում եմ ասել, որ և՛ Կոնգրեսում, և՛ պետդեպարտամենտում հանդիպումները եղել են շատ բարձր մակարդակի, հանդիպել ենք գրեթե անհասանելի մարդկանց հետ՝ Կոնգրեսում ամենահեղինակավոր կոնգրեսականներին, ովքեր ամերիկյան քաղաքականության աստղերն են, ովքեր շատ հազվադեպ են ինչ-որ մեկի հետ 10 րոպե խոսում, իսկ մեզ հետ մեկ ժամ շարունակ խոսել են ամենատարբեր հարցերից: Շատ բարձր մակարդակի հանդիպում է եղել պետդեպարտամենտում, Ազգային անվտանգության խորհրդում: Շատ լուրջ ոգևորություն կա այս այցի հետ կապված: Մեզ ասում են, որ այս շփումները շատ կարևոր են, որ առանց փոխադարձ այցելությունների, առանց այս շփումների շատ դժվար կլինի: Օրինակ, երբ իրենց հետ հանդիպում են հայ համայնքի ներկայացուցիչները, հայ լոբբիստները կամ մեր դեսպանատան ներկայացուցիչները, և ասում են, որ Հայաստանը այսպիսին է, որ Հայաստանը այսինչ բանի կարիքն ունի, այնինչ բանն է անհրաժեշտ անել, սա մի բան է, և այլ է, երբ Հայաստանից գալիս են խորհրդարանի պատգամավորներ, ընդ որում բարձր մակարդակի՝ ԱԺ փոխխոսնակ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր ուժերի կարկառուն դեմքեր և իրենք են ասում, թե ինչի կարիք ունի Հայաստանը: Սա լրիվ այլ կերպ է ընկալվում: Դա ընգծում են նաև մեր համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ևս ասում են, որ մեր հանդիպումները, մեր խոսքը թիրախային է եղել և բարձր արդյունավետություն է ունենալու:
-Քանի որ խոսեցիք ինստիտուցիոնալ հարցերից, արդյո՞ք հանդիպումների ժամանակ բարձրացվել են այն հարցերը, որոնց մասին ավելի հաճախ խոսում է դեսպան Միլսը, նկատի ունենք համատարած կոռուպցիայի հաղթահարում, մենաշնորհների վերացում, արդար դատական համակարգի ստեղծում:
-Բնականաբար հանդիպումների ընթացքում բարձրացվում են բոլոր այն հարցերը, որոնք նաև դեսպան Միլսն է այստեղ բարձրացնում, բայց մեր հանդիպումների ժամանակ հարցերի ավելի լայն շրջանակ է քննարկվում, որովհետև այնպիսի տպավորություն է, որ դեսպանը միայն կոռուպցիայից է խոսում, մինչդեռ, բացի կոռուպցիայից, շատ այլ հարցեր են քննարկվում: Մենք որպես խորհրդարանի պատգամավորներ, ավելի ազատ լինելով, և կաշկանդված չլինելով գործադիր իշխանությամբ, կարողանում ենք այս ֆորմատում ազատորեն ներկայացնել մեր մոտեցումները: Հանդիպումների ընթացքում քննարկվում են ժողովրդավարական ազատությունների, կոռուպցիայի դեմ պայքարի և անցումային շրջանի հետ կապված մյուս բոլոր հարցերը: Հանդիպումների ժամանակ շատ է բարձրացվում այն հարցը, որ Հայաստանում կա կոռուպցիայի բարձր մակարդակ, և ինչ ենք անում մենք այդ խնդիրը հաղթահարելու համար: Հարցի պատասխանն այն է, որ հակակոռուպցիոն մարմին ենք ստեղծում, որը դեռ չի սկսել գործել, դատական համակարգի անկախության ապահովման համար Բարձրագույն դատական խորհուրդ ենք ստեղծել: Այսինքն՝ այս հանդիպումների ընթացքում թարմացվում է ամերիկյան կողմի տեղեկությունները Հայաստանի մասին, թե Հայաստանում ինչ նոր ինստիտուտներ, ինչ նոր մարմիններ են ստեղծվում: Բայց այս պահին մենք կարող ենք խոսել միայն դրանց ստեղծման մասին, իսկ թե ինչպես դրանք կգործեն, ինչ ազդեցություն կթողնեն, որևէ մեկը չի կարող ասել:
-Արդյո՞ք այդ հանդիպումների ընթացքում քննարկվում է Արցախի հարցը, ստատուս-քվոյի փոփոխությանը կամ կարգավորման հնարավոր տարբերակներին վերաբերվող հարցեր: Մանավանդ, որ շատ է խոսվում այն մասին, որ պատերազմի վերսկսման հարցում կարող է շահագրգիռ լինել Ռուսաստանը՝ հակամարտության գոտի իր զինված ուժերը տեղակայելու համար պատրվակ ստեղծել:
-Հանդիպումների ժամանակ խաղաղապահների հարց չի քննարկվել, բայց հստակ ասվել է, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է Մինսկի խմբի ֆորմատը: Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո, նրա ադմինիստրացիան դադարեցրել է տարբեր ոլորտներում բազմաթիվ հատուկ բանագնացների գործունեությունը, բայց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, որպես Արցախի հարցում ամերիկյան բանագնաց, շարունակում է գործել: Սա խոսում է այն մասին, թե Միացյալ Նահանգները որքան է կարևորում Մինսկի խմբի ֆորմատը, որը միակ ֆորմատն է, որտեղ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները միասին աշխատում են:
-Քննարկվել է այն հարցը, թե ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ինչպե՞ս կարող են անդրադառնալ Հայաստանի տնտեսության, ինչպես նաև անվտանգության վրա, նկատի ունենալով, որ Հայաստանի սպառազինության մեծ մասը ռուսական է:
-Պատժամիջոցների հարց, որպես այդպիսին, չի քննարկվել: Կա ընդհանուր ընկալում, որ Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում և այնպիսի մարտահրավերների է դիմագրավում, որ ռուսական մասնակցությունը մեր անվտանգության ապահովմանը բնական է դիտարկվում: Բայց ես տարբեր հանդիպումների ժամանակ հարց եմ բարձրացնում, որ Միացյալ Նահանգները պետք է ավելի ակտիվ լինի Հայաստանում ընթացող պրոցեսներում, ներգրավված լինի Հայաստանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումներում: Որովհետև, եթե մենք այսօր սխալ ինստիտուտներ ստեղծենք, վաղը գան ասեն՝ այս մի մարմինը սխալ եք ստեղծել, կամ այն մի բանը կարելի էր այլ կերպ անել, դա սխալ մոտեցում կլինի, հիմա պետք է ավելի ակտիվ լինել հետագա սխալներից խուսափելու համար:
-Այս հանդիպումների արդյունքում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ի՞նչ հեռանկար են տեսնում:
-Իրենք ասում են, որ օգնությունից պետք է անցում կատարել փոխշահավետ առևտրի՝ From aid to trade: Ասում են՝ մինչև հիմա օգնել ենք, ֆինանսական և մարդասիրական աջակցություն ենք ցուցաբերել, հիմա եկեք խոսենք, թե ինչպես կարող ենք փոխշահավետ աշխատել, ինչ կարող ենք անել, որ ավելի շատ ամերիկյան ներդրում գա Հայաստան, որ ամերիկյան ընկերություններն ավելի ակտիվ լինեն Հայաստանում: Օրինակ՝ իրենք IT սեկտորը ընտրել են որպես մի ոլորտ, որտեղ ամերիկյան բիզնեսը կարող է ներգրավված լինել: Դրա համար Հայաստանը պետք է այնպիսի միջավայր ստեղծի, այնպիսի օրենսդրական դաշտ պետք է ստեղծի, կոռուպցիայի դեմ իրական պայքար պետք է տարվի, մենաշնորհների ստեղծման հնարավորությունը պետք է բացառվի, դատական համակարգը արդար և անաչառ գործի, որ այդ ներդրումները գան Հայաստան: Իրենք մեզ հետ քննարկում են նման միջավայրի ստեղծման կարևորության հարցը:
-Դեսպան Միլսը խոսում էր արևային էներգիտիկայում Հայաստանի ունեցած պոտենցիալի և հնարավոր 8 մլրդ դոլար ներդրման մասին: Առարկայական խոսակցություն եղե՞լ է այդ թեմայով:
-Էներգետիկ ոլորտում այդ 8 մլրդ դոլարի ներդրման մասին խոսք չի գնացել, որովհետև դեսպան Միլսը պարզաբանել է, թե որքան նախապայմաններ կան, որոնց իրականացման դեպքում է դա հնարավոր: Դա մեր պոտենցիալն է, որ կարող ենք իրականացնել, բայց առարկայական քննարկում այդ խնդրի շուրջ չի եղել:









































