«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, ովքեր մասնակցելու են վաղվա հանրահավաքին, նրանց առաջարկ կլինի հանդես գալ ելույթով։ Նորմալ է, որ եթե գալիս են, մասնակցում են հանրահավաքին, պետք է հանդես գան նաև ելույթով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը։
Մեր դիտարկմանը, թե հնարավոր է Նիկոլ Փաշինյանին, որը նույնպես մասնակցելու է հանրահավաքին, առաջարկեն ելույթ ունենալ հարթակից, Մակեյանն արձագանքեց. «Դեռևս քննարկում չի եղել, բայց իմ անձնական կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին և մասնակից այլ քաղաքական դեմքերին կառաջարկվի մոտենալ ամբիոնին և ասելիքի դեպքում ելույթ ունենալ»,- նշեց Մակեյանը։
Մակեյանն ասաց, որ այս պահի դրությամբ հստակ է միայն Ճակատի անդամների ելույթները։ Մասնակիցների պարագայում կորոշվի՝ ըստ նրանց ցանկության։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն հաստատել է իր մասնակցությունը վաղը կայանալիք հանրահավաքին։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՔՊ մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը։
Մեր դիտարկմանը, թե Ելք»-ի հետ քննարկե՞լ են իրենց մասնակցության հարցը, ՔՊ խոսնակը պատասխանեց. «Մենք հանրահավաքին մասնակցելու ենք ինչպես շարքային քաղաքացիներ։ Հարթակում չենք լինելու, Նիկոլ Փշինյանը ելույթ չի ունենալու։ Այնպես որ, որպես այդպիսին, «Ելք»-ի հետ քննարկելու հարց չկար»։
Հիշեցնենք, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը վաղը հանրահավաք է իրականացնելու՝ կանխելու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, Հայաստանի ինքնիշխանության վերականգնման հարց է դնելու, ինչպես նաև բարձրաձայնելու է քաղբանտարկյալների հարցը։









































