Պաղեստինի ինքնավարության առաջին ղեկավար Յասիր Արաֆաթի այրին եգիպտական DreamTV-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր ամուսնուն թունավորել է նրա շրջապատի մարդկանցից մեկը:
«Թույնը լցրել են նրա ապուրի մեջ: Երբ Աբու Ամարը կուլ տվեց առաջին գդալը, նա կանգնեց՝ կարծես հոսանքը հարվածեց նրան, գդալը գցեց և վազեց լոգասենյակ»,- ասել է Սուհա Արաֆաթը:
Այրու խոսքերով՝ թունավորումը տեղի է ունեցել 2004թ. հոկտեմբերի 12-ին, իսկ մեկ ամիս անց Արաֆաթը մահացել է փարիզյան հիվանդանոցում: Սուհա Արաֆաթը առանց անուն նշելու հայտարարել է, որ թույնը կարող էր լցնել միայն այն մարդը, ով «շատ մոտ է եղել» առաջնորդի հետ:
Ի տարբերություն Պաղեստինի ներկայիս իշխանությունների՝ նա զերծ է մնացել Իսրայելի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց, թե՝ հենց այնտեղ է կազմակերպվել Արաֆաթի թունավորումը:









































