«Ատլետիկո Մինեյրո»-ի կիսապաշտպան Ռոնալդինյոյի կարծիքով` քիչ է հավանականությունը, որ ինքը կհրավիրվի «Մունդիալ-2014»-ին: Սակայն նաև այդ դեպքում ֆուտբոլիստը լիովին կհասկանա Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիին:
Հիշեցնենք` 33-ամյա բրազիլացին, ում ՖԻՖԱ-ն երկու անգամ` 2004 և 2005 թվականների տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել, ազգային թիմի կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել ապրիլի 23-ին` Չիլիի ընտրանու դեմ հանդիպմանը:
«Չէի հրաժարվի մասնակցել աշխարհի առաջնությանը, սակայն, անկեղծ ասեմ` առանձնապես հույսեր չեմ փայփայում: Պետք է ապրել այսօրվա օրով: Մտածում եմ Բրազիլիայի առաջնության մասին: Քայլ առ քայլ առաջ եմ գնում` լավագույն խաղային որակներս ցուցադրելու հնարավորություն ունենալու համար: Ես չեմ մեկնաբանի Սկոլարիի որոշումները: Նա կատարել է իր ընտրությունը: Սկոլարին մեծագույն մարզիչ է»,- ասել է Ռոնալդինյոն:








































