Դոնալդ Թրամփի կողմից պողպատի և ալյումինի ներկրման վրա տուրքեր դրվելու դեպքում Եվրամիությունը երկու ամսվա ընթացքում կարող է պատասխան սակագներ դնել ամերիկյան ապրանքների վրա: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել առևտրի եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը:
Եվրամիությունն ամեն հնարավորն անում է, որպեսզի Վաշինգտոնը վերանայի իր որոշումը: «Դա վնաս կհասցնի տրանսատլանտյան հարաբերություններին, ինչպես նաև գլոբալ առևտրային համակարգին»,-նշել է նա:
«ԱՄՆ-ն դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել. Բրյուսելը պատրաստ է ցանկացած ելքի»,-ավելացրել է հանձնակատարը:
Մալմստեմի խոսքերով՝ Եվրոպական հանձնաժողովը արդեն քննարկել է Միացյալ Նահանգներից ներկրվող արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի նախնական ցանկը, որոնք կարող են տուրքերի ենթարկվել:
Մարտի 1-ին Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգներ պողպատի և ալյումինի ներկրման վրա տուրքեր սահմանելու որոշման մասին: Ի պատասխան նրա՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ժան-Կլոդ Յունկերը վստահեցրել է, որ Թրամփի որոշումն անարձագանք չի մնա ԵՄ-ի կողմից:









































