Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկին՝ Ալբերտ Էյնշտեյնին (1879-1955 թթ.) պատկանող ջութակը մարտի 9-ին կվաճառեն Bonhams-ի նյույորքյան աճուրդում։ Daily Express թերթի տվյալներով՝ լոտը նախնական գնահատվում է 100-150 հազար դոլար: Ֆիզիկոսն սկսել է ջութակ նվագել 6 տարեկան հասակում:
Սակայն միայն 13 տարեկանում, երբ Էյնշտեյնն իր համար բացահայտեց Մոցարտի ջութակի սոնատները, երաժշտությունը դարձավ նրա կյանքի բաղկացուցիչ մասը: Նրա երկրորդ կնոջ՝ Էլզայի վկայությամբ, որի խոսքը մեջբերված է Bonhams-ի կայքում, երաժշտությունն օգնում էր նրան, երբ նա խորհրդածում էր իր տեսությունների շուրջ: Նշվում է, որ Էյնշտեյնը հազվադեպ էր ճանապարհորդում առանց ջութակի:
Երաժշտությունն այնքան կարևոր էր ֆիզիկոսի համար, որ իր աշխատանքային գրաֆիկի համաձայնեցման ժամանակ գիտնականը յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա երեկոն տրամադրում էր Փրինսթոնի իր տանը նվագելուն։









































