Չնայած բնակիչների պայքարին՝ Սայաթ-Նովայի 10/5 հասցեում սկսված շինարարությունը շարունակվում է: Այսօր ասուլիսի ընթացքում Սայաթ-Նովայի 10 շենքի բնակչուհի Անաիդա Հովսեփյանն ասաց, որ ընդունվել է մի աբսուրդ որոշում, որից բոլոր բնակիչները շոկի մեջ են. «Շուրջ վեց ամիս է՝ պայքարում ենք մի փոքրիկ նկուղային կաթսայատան համար, որը քանդելով՝ ուզում են բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: Սա ոչ միայն Սայաթ-Նովայի, այլև Նալբանդյան 22-ի, Աբովյան 22-ի, Թումանյան 2-րդ նրբանցքի խնդիրն է»:
Նրա հավաստմամբ՝ տարածքում կանաչ չկա, օդ չկա, ինչպե՞ս կարելի է բերել, քաղաքի կենտրոնում, շենքերի արանքում նոր շենք կառուցել. «Վեց ամսվա ընթացքում մարդ չմնաց, որ չդիմենք: Կադաստրին ենք դիմել, վարչապետին, նախագահին»:
Կաթսայատունը, որի հիմքի վրա պետք է կառուցվի շենքը, ընդամենը 73 քմ է, բնակիչները չեն պատկերացնում, թե ինչպես պետք է այդ տարածքում շենք կառուցվի. «Մեզ գցել են կրակի մեջ, կաբինետներում նտած՝ մի չարաբաստիկ ստորագրություն են դնում և մեզ շինարարների հետ կոնլֆիկտի տանում»:
Բնակչի հավաստմամբ՝ մոտ 4 հարյուր ընտանիքի անտեսելով՝ «Լիբեր» ՍՊԸ-ն շենք է կառուցում՝ փոխանակ բերեին, այդ 73 քառակուսի մետրը խաղահրապարակ դարձնեին, ծառեր տնկեին, ոչ թե ծառը չորացնեին՝ շենք կառուցելու համար: «Որտեղ տեսնեք՝ ծառը սկսեց չորանալ, իմացեք՝ ապօրինի շինարարություն է լինելու»,- ասաց նա:








































