Ռուսաստանում աշխատել ցանկացող էմիգրանտների համար զգալիորեն կբարդացվի ռուսերենի իմացության քննությունը: Քննությանը կհավելեն մշակույթին, պատմությանը ու ռուսական օրենսդրությանը վերաբերող հարցեր, որոնք կպահանջեն նվազագույն գիտելիքներ այդ ոլորտում: Այն կդառնա դպրոցի միասնական պետական քննության հեշտացված տեսակը: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:
Համապատասխան փաստաթուղթը պետք է պատրաստվի մինչև տարեվերջ, իսկ քննության նոր տարբերակները կփորձարկվեն 2014-ին: Մշակմամբ զբաղվում են կրթության ու գիտության նախարարությունը և Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանը: Երեք տարվա ընթացքում բյուջետային միջոցներից նախագծի իրականացմանը կուղղվի շուրջ 20 մլն ռուբլի:
Մասնագետները նշում են, որ դա կլինի ոչ թե պարզապես թեստավորում, այլ համալիր քննություն՝ կազմված մի քանի մոդուլներից: Համալսարանի ռեկտորի տեղակալ Անժելա Դոլժիկովայի խոսքով՝ ինքը դա անվանոմ է «ռուսական կյանքի իմացության» քննություն, քանի որ հարցը ոչ այնքան տեսական գիտելիքներին է վերաբերում, որքան հասարակությունում ներգաղթյալի ադապտացման կարողություններին:
Նախագիծը մշակողները հույս ունեն, որ նոր քննությունը կօգնի նվազեցնել դեպի Ռուսաստան ցածր որակավորում ունեցող աշխատուժի ներհոսքը:








































