Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ սկսվում է Մելիք Բաբագյուլյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ Մելիք Բաբագյուլյանը, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավարը լինելով, կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
Համայնքի ավագանու՝ հանրապետությունից բացակայող ու ավագանու նիստերին չմասնակցող անդամների փոխարեն նա ստորագրել է ավագանու նիստերի մի քանի արձանագրությունները:
Բացի դրանից, Մելիք Բաբագյուլյանի նախաձեռնությամբ Եղեգիս համայնքի ավագանու կողմից հաստատված բյուջեում ընդգրկվել է համայնքի կարիքների համար ավտոմեքենայի ձեռքբերումը:
Նախատեսվել է համայնքի բյուջեից այդ նպատակի համար հատկացնել 1 միլիոն 700 հազար դրամ:
Բաբագյուլյանը 2012 թվականի ապրիլին համացանցում փնտրել և գտել է էժան վաճառվող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա:
Այնուհետև Երևանում բնակվող իր ծանոթին՝ Ս. Կարապետյանին խնդրել է իր հետ այցելել վաճառվող մեքենայի տիրոջը:
Այցելել են, մեքենան տեսել ու համաձայնության եկել, որ մեքենան կգնեն հազար դոլարով:
Որպես երաշխավորության գումար՝ Բաբագյուլյանը Կարապետյանի միջոցով նույն պահին 100 դոլար է տվել մեքենատիրոջը:
Պայմանավորվել են հաջորդ օրը մեքենան հաշվառել Կարապետյանի անվամբ:
Հաջորդ օրը վերջինս մեքենատիրոջ հետ գնացել ու ձևակերպել է մեքենայի առուվաճառքը և հաշվառումը իր անունով:
Մեկ օր անց Բաբագյուլյանը և Կարապետյանը գնացել են արդեն նախկին մեքենատիրոջ տուն:
Բաբագյուլյանը Կարապետյանի միջոցով վճարել է մեքենայի արժեքի մնացած մասը՝ 900 դոլարը:
Կարապետյանի անունով հաշվառված և 330 հազար դրամ իրական արժեքով 1985 թվականի արտադրության «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի համար Բաբագյուլյանը որոշել է համայնքի բյուջեից փոխանցել 1 միլիոն 700 հազար դրամ՝ այդ գումարից 1 միլիոն 370 հազար դրամը յուրացնելու և անձնական նպատակների համար օգտագործելու դիտավորությամբ:
Մելիք Բաբագյուլյանի կարգադրությամբ համայնքապետարանի ֆինանսիստ-գանձապահը ձևականորեն նշանակվել է գնումների համակարգող: Ձևականորեն ստեղծվել է գնահատող հանձնաժողով:
Մրցութային ընթացակարգի պահանջների խախտմամբ կազմվել է ավտոմեքենայի գնման փաստաթղթերի փաթեթը:
2012 թվականի ապրիլի 12-ին 1 միլիոն 700 հազար դրամը փոխանցվել է Կարապետյանի անվամբ «ՎՏԲ Հայաստան» բանկում նախապես բացված հաշվեհամարին:
Ավտոմեքենան հաշվառվել է Եղեգիսի համայնքապետարանի անվամբ, ինչից հետո Բաբագյուլյանը Կարապետյանի հետ գնացել է հիշյալ բանկի Եղեգնաձորի մասնաճյուղ:
Կարապետյանը ստացել է փոխանցված ամբողջ գումարը և անմիջապես հանձնել Բաբագյուլյանին:
Ավտոմեքենայի իրական արժեքի ու փոխանցված գումարի տարբերությունը՝ 1 միլիոն 370 հազար դրամը, յուրացվել է Մելիք Բաբագյուլյանի կողմից՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով:
51-ամյա Մելիք Բաբագյուլյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314 հոդվածի 1-ին մասով:
Մելիք Բաբագյուլյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Լուսանկարը՝ Արշավիր Թորոսյանի









































