Բրիտանացի արքայազն Հարրին և նրա հարսնացուն՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, իրենց հարսանիքին Վինձորի դղյակ են հրավիրել երկրի 2640 շարքային բնակիչների: Այս մասին հայտնել է Քենսինգթոնի պալատը:

Պսակադրությունը կկայանա մայիսի 19-ին, Սուրբ Ջորջի մատուռում, բուն արարողությանը ներկա կլինեն զույգի հարազատները և ընկերները, Եվրոպայի թագավորական ընտանիքների անդամները, ինչպես նաև պաշտոնատար անձինք: Սակայն եկեղեցուց անմիջապես հետո նորապսակները կառքով կանցնեն Վինձորի կենտրոնով՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով ավելի շատ մարդկանց մասնակցելու տոնին։
Նրանց թվում, ովքեր հնարավորություն կունենան լավագույն տեղերից դիտելու փեսացուի, հարսնացուի և հյուրերի ժամանումը եկեղեցի, իսկ այնուհետև նորապսակներով կառքի դուրս գալը Վինձորի դղյակից, կլինեն 1200 երիտասարդներ, ովքեր առաջնորդի որակներ են ցուցաբերել տարբեր ոլորտներում։










































