Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը սպառնացել է ԱՄՆ-ին պատասխան քայլերով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պողպատի և ալյումինի մատակարարումների համար մաքսային տուրքեր մտցնելու վերաբերյալ որոշման կապակցությամբ։
«Մենք շատ ենք ափսոսում նման որոշման համար, որը աղաղակող միջամտություն է համաշխարհային շուկաներին՝ հանուն սեփականը պաշտպանելու, ընդ որում չարդարացված ազգային անվտանգության հարցերի տեսանկյունից»,– հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Ուղերձում ասվում է, որ Եվրամիությունը պատասխան միջոցներ է մշակում, որոնք չեն հակասի Համաշխարհային առևտրային կազմակերպության նորմերին։
Յունկերը վստահեցրել է, որ Եվրոպան ձեռքերը ծալած չի նստելու, մինչ ԱՄՆ–ն անազնիվ միջոցներ է ձեռնարկում, որոնց պատճառով հազարավոր եվրոպացիներ կտուժեն։
Առևտրի հարցերով Եվրակոմիսար Սեսիլիա Մալմստրեմը նույնպես նշել է, որ ամերիկյան վարչակազմի պրոտեկցիոնիստական քայլերը բացասական ազդեցություն կունենան տրանսատլանտյան հարաբերությունների և համաշխարհային շուկաների վրա։ «Ի լրումն դրան՝ նրանք պողպատի և ալյումինի ամերիկյան սպառողների համար, ովքեր կախված են ներմուծումից, կբարձրացնեն արժեքը և կնվազեցնեն ընտրությունը»,– նշել է Մալմստրեմը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 1-ին հայտարարել է արտասահմանից ալյումինի և պողպատի մատակարարումների համար մաքսային տուրքեր մտցնելու վերաբերյալ։ Պողպատը հարկվելու է 25-տոկոսանոց տուրքով, իսկ ալյումինը՝ 10 տոկոսանոց։











































