Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի սակագնի հարցերով հանձնաժողովում ներկայացված «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը դեռ 20 օր առաջ է որոշում կայացրել դադարեցնել իր մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին՝ որոշումը բացատրելով այն հանգամանքով, որ «ԵրևանՏրանս» ՍՊԸ-ն պետք է լուծարվի, իսկ ոլորտը հանձնվի կոնցեսիոն կառավարման: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ հանձնաժողովում աշխատանքները դադարեցնելու որոշման մասին երեկ հայտարարել էր նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա իր որոշումը բացատրել էր հանրությանը ոչինչ չասող հանձնաժողովում անելիք չունենալու փաստով:
Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ առաջնային քննարկումների առարկան ոչ թե տրանսպորտի ուղեվարձը պետք է լինի, այլ համակարգային փոփոխությունների հարցը:
«Գծատերերը պետք է հրաժարվեն իրենց երթուղիներից, միավորվեն մեկ բաժնետիրական ընկերության մեջ և համախառն եկամուտը պետք է բաժանեն իրենց ունեցած տրանսպորտային միջոցների քանակի վրա, որպեսզի հասկանանք՝ որքան պետք է լինի օպտիմալ ուղեվարձը: Այդ դեպքում «լավ գիծ», «վատ գիծ» կամ «չալաղաջ գիծ» հասկացողությունները կվերանան: Սակայն ինչպես երևում է, «չալաղաջ գծերի» տերերը չեն ուզում հրաժարվել իրենց գծերից, որպեսզի ոչ շահութաբեր գծատերերի հետ չմիավորվեն և իրենց շահույթը նրանց հետ չկիսեն:
Գծատերերը պետք է հրաժարվեն քաղաքացիներին սպասարկելուց, և նրանց գործառույթը պետք է սահմանափակվի միայն տրանսպորտային միջոցների տրամադրմամբ: 60 գծատերերից յուրաքանչյուրը պետք է բաժնետոմս ստանա իր ունեցած տրանսպորտային միջոցների քանակի դիմաց»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի սակագնի հարցերով հանձնաժողովում ներկայացված մեկ այլ՝ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չբացառեց, որ ինքը ևս կարող է դուրս գալ դրա կազմից:
«Սակայն բոլոր դեպքերում հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը ճիշտ է: Նույնիսկ եթե դու փոքրամասնություն ես ներկայացնում, պետք է մասնակցես հանձնաժողովի աշխատանքներին՝ փաստարկների պայքար ապահովելու համար՝ կապ չունի, որ մյուս թիմում հարյուր հոգի է, իսկ քոնում՝ ավելի քիչ:
Քննարկումներին չմասնակցելով՝ դու քեզ ընդամենը նեղացած աշակերտի տեղ կդնես: Հանձնաժողովում իմ մասնակցության դադարեցումը հնարավոր կլինի քաղաքի ավագանու ոչ կոմպետենտ, ես կասեի՝ անտարբեր վերաբերմունքի դեպքում: Ավագանին մտահոգ չէ խնդիրների լուծմամբ: Եթե մի բան որոշում են, ապա երևանցիների դեմ: Իմ առաջարկն է Երևանի ավագանուն անվստահություն հայտնել և ուղարկել տուն՝ բացառությամբ միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի»,- ասաց Արմեն Պողոսյանը:










































