Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Արտակ Ավագյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ Լոռու մարզի Դեբեդ գյուղի 49-ամյա բնակիչ Արտակ Ավագյանը 2013 թվականի հունիսի 27-ին, ժամը 9-ի սահմաններում «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի Իջևանի մասնաճյուղում իր երեխաներին տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է իր երեխաների «ՍՕՍ» մայր Ն.-ի հետ, հայհոյել է նրան ու ձեռքով հարվածել նրա մեջքին: Այս ամենը Արտակ Ավագյանը զուգորդել է դիտավորությամբ հասարակական կարգը խախտելով:
Բացի այդ, 2013 թվականի օգոստոսի 14-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում Ավագյանը դարձյալ «այցելել է» «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի Իջևանի մասնաճյուղ, խախտել է հասարակական կարգը և խախտումը զուգորդել է հայհոյանքներով ու իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Իր երեխաներին այս եղանակով «այցելություններ» կատարող հայրիկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով և 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Արտակ Ավագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալը միջնորդել է իր գործը քննել արագացված ընթացակարգով: Հայտնել է, թե զղջում է կատարածի համար, մեղքն ընդունում է լիովին:
Դատարանը նկատի է առել, որ Ավագյանի նկատմամբ չի կարող համաներում կիրառվել, քանի որ նախկինում կիրառվել է համաներում հայտարարելու մասին 2009 թվականի որոշումը:
Ընդհանուր իրավասության դատարանը այս անգամ Արտակ Ավագյանին մեղավոր ճանաչեց երկու դրվագ խուլիգանության համար ու վերջին հաշվով նրան դատապարտեց 6 ամիս ազատազրկման:
Պատժի սկիզբը կհաշվվի Ավագյանին փաստացի կալանքի տակ առնելու պահից:









































