Anonymous խմբի ցանցահենները կոտրել են Adobe, ծրագրային ապահովման պաշտպանությունը, ինչի հետևանքով կարողացել են ներթափանցել մի շարք ամերիկյան գերատեսչությունների էլեկտրոնային ցանցեր:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել են Պենտագոնի, ԱՄՆ էներգետիկայի ու առողջապահության նախարարությունների, ինչպես նաև մի շարք սոցիալական ծառայությունների կայքերը: Հետաքննության տվյալներով՝ ցանցահենների նպատակը եղել է փակ տեղեկատվություն գողանալը:
Ինչպես գրում է Baltimore Sun պարբերականը, մինչև հիմա չի հաջողվել վերացնել անսարքությունը:
Կառավարական սերվերները սկսել են կոտրել դեռ անցած տարվա դեկտեմբերից: Ներկայում փորձագետները փորձում են պարզել տեղեկատվական արտահոսքի նոր փաստերը: Հետաքննությունների դաշնային բյուրոն մասնավորապես խորհուրդ է տալիս պետական կայքերի ցանցային ադմինիստրատորներին մի շարք միջոցառումներ անցկացնել հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու համար:
Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ Anonymous-ի ցանցահենները մատչում են ստացել դեպարտամենտի 104 հազար աշխատակիցների ու նրանց ընտանիքների տվյալներին:










































