Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը և Բահրեյնի թագավորական ընտանիքից շեյխ Ֆավաս Ալ-Խալիֆը որոշել են ստեղծել համատեղ ավիաընկերություն: Այս մասին Կադիրովը հաղորդել է Instagram-ի իր էջում:
Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ համագործակցության մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել առաջիկա օրերին, իսկ նոյեմբերի վերջին հանրապետություն կժամանեն շեյխին պատկանող Ara ավիաընկերության մասնագետները: Նրանք Գրոզնիի օդանավակայանում պետք է տեղադրեն ավիանավիգացիոն նոր սարքավորում:
Նոր ավիաընկերության ստեղծման շնորհիվ Կադիրովը նպատակ ունի Գրոզնիի օդանավակայանը վերածել միջազգային տարանցիկ կապի, բացել նոր երթուղիներ: Մասնավորապես, Չեչնիայի ղեկավարը մտադիր է մշտական օդային հաղորդակցություն սահմանել Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ:
Ներկայում Գրոզնիի օդանավակայանն ունի մեկ թռիչքուղի, այստեղ արդեն տեղակայված է «Գրոզնի-Ավիա» ավիաընկերությունը, որը ստեղծվել է 2007թ.՝ հանրապետության ղեկավարի նախաձեռնությամբ:










































