Anonymous խմբավորման հետ կապված ցանցահենները հասանելիություն են ստանում ամերիկյան կառավարության համակարգիչներին ու գաղտնի տվյալներին արդեն մոտ մեկ տարի՝ ասվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի զեկույցում:
Reuters-ի փոխանցմամբ՝ ցանցահենները սկսել են չարտոնված հասանելիություն ստանալ ԱՄՆ բանակի, էներգետիկայի, առողջապահության ու սոցիալական ծառայությունների նախարարությունների համակարգիչներին անցած դեկտեմբերին:
Չարագործները կիրառել են Adobe Systems-ի ծրագրային ապահովման մեջ առկա խոցելիությունը: Կոտրված համակարգիչների հստակ թիվը հայտնի չէ, սակայն դա լայն տարածված խնդիր է, որը պետք է լուծել՝ ասվում է զեկույցում:
Էներգետիկայի նախարարության համակարգիչների վրա հարձակման հետևանքով ավելի քան 100 հազար աշխատակիցներ են տուժել:
Բյուրոյի տվյալներով՝ խնդիրը դեռևս լուծված չէ, և ցանցահենները դեռ կարող են հասանելիություն ստանալ համակարգիչներին, ինչի առնչությամբ խոցելի գերատեսչությունների համակարգչային ադմինիստրատորները համապատասխան ցուցումներ են ստանում իշխանությունների կողմից:
Adobe Systems-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությանը ոչինչ հայտնի չէ FBI-ի զեկույցի մասին, և որ ներթափանցումը համակարգիչներ կարող է կապված լինել այն բանի հետ, որ աշխատակիցները ժամանակին չեն կատարել ծրագրային թարմացումները, որոնք մշակվում են պաշտպանությունը բարելավելու համար:








































