Ընդմիջումից հետո շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով վերաքննիչ դատական նիստն ընդդեմ առաջին ատյանի որոշման: Մեղադրող Արամ Արամյանը հայտարարեց, որ Բաբայանին և մյուսներին առաջադրված մեղադրանքները պետք է մնան անփոփոխ: Նա նշեց՝ մեղադրանքում հիմնավորվել է, որ եվրո թղթադրամները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, գաղտնալսումների մասով պնդեց՝ դրանք թույլատրելի ապացույցներ են:
Գործով մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն ի վերջին խոսքում կրկին պնդեց, թե այս ամենը կապված է Էջմիածնում իրենց կողմից շտաբ բացելու հետ․ «Մեզ ասել են շտաբ չբացեք, կան հաստավզեր, որոնց դա դուր չի գալիս»: Երբ Գաբրիելյանը կրկին հնչեցրեց միտքը, որ ինքն ավելի շատ բան է արել այս երկրի համար, քան դատախազը, դատավորն արձագանքեց. «Մի շահարկեք այդ փաստը, մենք բոլորս գիտենք ու խոնարհվում ենք արածի համար»: Գաբրիելյանն էլ արձագանքեց՝ էսպե՞ս եք խոնարհվում, պիտի շահարկեմ:





































