Ավստրիայի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Optioment «կրիպտոարժութային ներդրումային նախագծի» հիմքի վրա ֆինանսական բուրգ կազմակերպելու և խարդախության կասկածանքով։
Ավստրիայի ֆինանսական շուկաների վարչությունը երկրի դատախազության հետ քրեական գործ է հարուցել բուրգի կազմակերպիչների դեմ, որոնց թվում կան Դանիայի, Գերմանիայի և Լատվիայի քաղաքացիներ։ Հետաքննության շրջանակում դեռևս ձերբակալություններ չեն կատարվել։ Հաղորդվում է, որ ավստրիական իշխանությունները մտադիր են խարդախների որոնումներ սկսել Ինտերպոլի միջազգային ցանցի միջոցով։
Ֆինանսական բուրգի զոհն է դարձել ավելի քան 10 հազար մարդ Ավստրիայից, Ռումինիայից, Լեհաստանից և նախկին Հարավսլավիայի երկրներից։ Ներդրողները հասցրել են ֆինանսական բուրգում ներդնել մոտ 12 հազար բիտքոին, ինչն ընթացիկ փոխարժեքով կազմում է ավելի քան 120 մլն դոլար։










































