Անցած կիրակի օրը կայացած Արարատի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար հաղթանակի գրանցումը խիստ կարևոր էր ոչ միայն քաղաքական առումով: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը ահռելի՝ մոտ 8 միլիարդ դրամ կամ 20 միլիոն դոլար գույքահարկի և հողի հարկի պարտք ունի Արարատի քաղաքապետարանին:
Գ. Ծառուկյանը, փաստորեն, խնդիր էր դրել ամեն գնով Արարատում իր քաղաքապետն ունենալ, որպեսզի խուսափի այդ հարկերը վճարելուց: Բանն այն է, որ Արարատի նախորդ քաղաքապետերի պաշտոնավարման ժամանակ նրան հաջողվել է նշված հարկերը վճարելուց խուսափել: Մինչդեռ քաղաքապետի ընտրություններից առաջ արդեն իսկ որոշում էր կայացվել, որ նա պետք է կատարի հարկային իր պարտավորությունները և վճարի 8 մլրդ դրամը: Բնական է՝ ընտրություններում չհաղթելուց հետո նա, փաստորեն, հարկը վճարելուց խուսափելու այլևս ոչ մի հնարավորություն չունի:
Հիշեցնենք, որ վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ Գ. Ծառուկյանը Արարատի ցեմենտի գործարանը կտակել է դստերը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարսին: Հրապարակման համաձայն՝ հիմա Հովիկ Աբրահամյանի որդի Արգամն է «նայում» գործարանը: Նաև կարծիք կար, որ Գ. Ծառուկյանն այդ քայլին է գնացել հարկային կամ այլ ստուգումներից գործարանն ազատելու համար, և որ Հ. Աբրահամյանը հիմա ավելի լավ կկարողանա այն զերծ պահել հարկային դաշտ բերելու վտանգից:








































