Ազատամարտիկների և կուսակցությունների հերթական «կլոր սեղան» քննարկման ժամանակ որոշում կայացվեց դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը համատեղել ու մոբիլիզացնել բոլոր ուժերը: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ բոլորը Հայաստանում ստեղծված իրավիճակից իբրև միակ ելք նշում են, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պիտի գնան:
«Ժողովուրդը հասկացել է՝ այսպես ապրել չի կարելի: Ծրագիրն էլ կա. դա արդար ընտրություններով նոր Հայաստան ձևավորելն է, վերջին տասնհինգ տարում մեր երկրում արդար ընտրություն չի եղել: Անհրաժեշտ է մաքուր էջից սկսել մեր երկիրը կարգավորելու գործընթացը»,- ասաց նա:
ԱԺՄ կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Աղոյանը նկատեց, որ նախորդ բոլոր ընտրություններին մեր ժողովուրդը հուսախաբ է եղել, ուստի նրան անհրաժեշտ է նախ «ոգի տալ». նա պիտի հավատա ինչ-որ գաղափարի, մարդկանց, ում հետևից գնում է, հակառակ դեպքում նա չի կարող գնալ: «Ընդհանուր հայտարարի է պետք գալ, հավատացնել, որ դա ազգի շահն է, հակառակ դեպքում կես ճամփին կմնանք»,- ասաց նա:
ՀԱԿ քարտուղար Սամվել Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ այս հավաքներին պիտի մասնակցեն կուսակցությունների այն ներկայացուցիչները, որոնք տեղյակ են խնդրին, իսկ առավել ցանկալի է՝ միշտ նույն մարդը ներկա լինի: Աբրահամյանի խոսքով՝ հարկավոր է գալ ընդհանուր հայտարարի, նոր անցնել կոնկրետ գործողությունների: «Գլխավոր հարցերի շուրջ կարծես թե ընդհանուր մոտեցում, համաձայնություն կա, մասնավորապես՝ բոլորը համամիտ են՝ Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, որն այլևս հանդուրժել չի լինի, ուստի մեր խնդիրն է՝ համախմբել, կոնսոլիդացնել բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ամբողջությանը, որպեսզի կարողանանք միասնաբար հանդես գալ և լուծել մեր գլխավոր խնդիրը»,- ասաց նա:
Աբրահամյանը նշեց, որ դեկտեմբերի տասին կարելի է ուժերի փորձարկում անել՝ համատեղ գործողություն, որով նաև կփորձեն հասկանալ՝ այս փուլում ինչի ենք ընդունակ, սակայն դա որևէ պարտավորություն չպետք է առաջացնի: ՀԱԿ ներկայացուցիչը նաև նշեց, որ սկզբունքների շուրջ իրենց խորհրդակցությունները պետք է շարունակել. դա և վստահության մթնոլորտի ձևավորմանը կնպաստի, և իրավիճակն ավելի լավ պատկերացնելուն՝ թե այս պահին հասարակությունը որքանով է պատրաստ արձագանքելու քաղաքական ուժերի կոչին:
Սուրեն Սարգսյանը նկատեց, որ սոսկ հայտարարություններով, ինչպես նաև «էստի համեցեք»-ով ժողովուրդը չի գալու, պիտի իրենք գնան «ժողովրդի դուռը»:
ՀԱՍԿ կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն առաջարկեց, որ հավաքներին մասնակցեն միայն կուսակցությունների ներկայացուցիչները, իսկ ՀԿ-ները դեռ սպասեն: «Օրակարգում մեկ հարց պետք է լինի. ստեղծել մի իրավիճակ, որ իշխանության տերը դառնա ժողովուրդը»,- ասաց նա:
Դերասան Երվանդ Մանարյանը կարծիք հայտնեց, որ ժողովուրդն ուզում է քայլ տեսնել, նա արդեն բավական լսել է, հիմա ուզում է տեսնել՝ ինչ են անում կուսակցությունները: «Հավատացնում եմ ձեզ, առայժմ միայն խոսք են լսում, գուցե դուք բարձրանաք ու ասեք, որ քայլ անելուց առաջ անհրաժեշտ է շատ խոսել: Եթե դուք համոզեցիք, մարդիկ կհավատան, բայց հենց այնպես մարդկանց հավաքել ու միայն խոսել… ժողովուրդը դրանով չի բավարարվում, դա է պատճառը, որ հավատը նոսրանում է: Ես շատ ներողություն եմ խնդրում, բայց ազատամարտիկների հմայքը սկսում է խամրել: Մենք ուրիշ կերպ էինք նայում, ժողովրդի վրա ուրիշ տպավորություն էր թողնում ազատամարտիկը, որ դուրս է եկել դեմ, իսկ հիմա դա սկսում է նմանվել մեր նախորդ հավաքներին՝ հավաքվում են, խոսում են, մարդիկ տեղ չունեն գնալու, հետաքրքիր էլ չի: Գալիս են մի մասը էդպես, մի մասը գուցե շահագրգիռ, չգիտեմ, բայց քայլ եմ ուզում»,- ասաց նա: Մանարյանը նաև նշեց, որ դեկտեմբերի 10-ին պետք է հետևի մեկ ուրիշ՝ ավելի մեծ քայլ: Սուրեն Սարգսյանն արձագանքեց, որ նախ պետք է որոշեն քայլը, հետո կմտածեն շարունակականության մասին, ապա հավելեց, որ ազատամարտիկները դուրս են եկել, որ այլևս ոչ մի շարժման մեջք չկոտրվի: Նա նշեց, որ դեկտեմբերի 10-ին գնում են հանրահավաքի, ցույցի՝ հայտարարություն անելու նպատակով: «Այսօր բոլորս տեսանք, որ ՀՀԿ-ի անդամները բոլորը ղզիկների պես փախան, սա խայտառակություն է, այդ կուսակցությունը պետք է ինքնալուծարվի: Նա խոչընդոտում է Հայաստանի պետական կառավարմանը: Մենք դուրս ենք եկել, որ քայլ անենք»,- ասաց նա: Գալիք չորեքշաբթի՝ արտահերթ հավաքում, կուսակցությունները կհստակեցնեն իրենց դիրքորոշումները խնդրի շուրջ:









































