Հարավկորեական Samsung ընկերությունը մշակում է եռակողմ դիսփլեյով սմարթֆոն: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նրանց փոխանցմամբ՝ Galaxy շարքի նոր մոդելի էկրանը «կփաթաթվի» կորպուսին, որպեսզի օգտատերը կարողանա հաղորդագրությունը կարդալ ցանկացած անկյունից:
Ըստ տեղեկությունների՝ Samsung-ը ծրագրում է կիրառել Youm թարմացված տեխնոլոգիան, որը կիրառվել է կոր էկրանով Galaxy Round սմարթֆոնների ստեղծման համար:
Ընկերությունը մտադիր է այնպես անել, որ եռակողմ դիսփլեյի կողմերը կարողանան գործել միմյանցից անկախ: Samsung-ի նոր մշակման թողարկման ժամկետը դեռևս հայտնի չէ: Ինչպես հայտնել է պարբերականի աղբյուրներից մեկը՝ սմարթֆոնի ներկայացումը կարող է կայանալ 2014-ի երկրորդ կեսին:
Այս մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:










































