ԱՄՆ իշխանությունները պատրաստ են Իրանին տրամադրել տնտեսական մի շարք միջոցների փոխհատուցում: Դրանք Թեհրանին թույլ կտան վերադարձնել մինչև 10 միլիարդ դոլար, որոնք Իսլամական Հանրապետությունը կորցրել է գործող պատժամիջոցների պատճառով՝ հաղորդում է The Daily Beast ամերիկյան պորտալը:
Պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ ղեկավարության իր աղբյուրներին, նշում է, որ փոխհատուցման մասին առաջարկը հնչեցվել է նախորդ շաբաթ Ժնևում Իրանի և միջազգային «վեցյակի» բանակցությունների ժամանակ: Մասնավորապես, խոսքը Իրանին նավթ և այլ ապրանքներ արտահանելու հնարավորություն տրամադրելու մասին է:
Ավելի վաղ Պենտագոնի նախկին ներկայացուցիչ և Իրանի հետ փոխհարաբերությունների հարցով փորձագետ Քոլին Քելը հաղորդել է, որ Վաշինգտոնի մշակած պատժամիջոցների թուլացման փաթեթը Իրանին հնարավորություն կտա ստանալ առնվազն 6-7 միլիարդ դոլար:









































