Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը ներողություն է խնդրել Twitter-ում այն բանի համար, որ կեղտոտել է Արգենտինայի դրոշն ու դրանով մաքրել բեմը Բուենոս Այրեսում հյուրախաղերի ժամանակ:
«Մարդիկ հաճախ են իմ ելույթի ժամանակ բեմի վրա իրեր նետում: Իմ թիմն ինձ ասել էր, որ դա վերնաշապիկ է»,- գրել է նա Twitter-ում:
Համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում էր, որ Բուենոս Այրեսում տեղի ունեցած համերգի ժամանակ հանդիսատեսը բեմ է նետում Արգենտինայի դրոշը: Նման դեպքերում երաժիշտները սովորաբար բարձրացնում են դրոշները բեմից ու թափահարում՝ որպես հարգանքի նշան այդ երկրի հանդեպ: Դրա փոխարեն՝ Բիբերը դրոշը ոտքով հրում է մի կողմ, ապա միկրոֆոնի ձողի օգնությամբ մաքրում բեմը և այն նորից հետ դնում երկրպագուների կողմը, գրում է RIA Novosti-ն:
Համաձայն Արգենտինայի օրենսդրության՝ պետական դրոշը պղծելու համար մեղավորին կարող է սպառնալ մինչև 4 տարվա ազատազրկում:









































