Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային շրջանի դաշնային դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոյից առգրավել է Պաբլո Պիկասոյի՝ 30 հազար դոլար արժողությամբ վիմատիպ նկարը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով դատարանի որոշումը:
Առգրավելու որոշումն ընդունվել է հոկտեմբերի 18-ին: Նշվում է, որ Պիկասոյի «Կեղծամով կինը» վիմատիպ նկարը և 7.8 հազար դոլար արժողությամբ ծաղկամանը առգրավվել են այն միջոցների հաշվին, որոնք Լազարենկոն դատարանի որոշմամբ պետք է վճարի ԱՄՆ կառավարությանը: Նրա պարտքը գերազանցում է 22 միլիոն դոլարը:
Վիմատիպ նկարը ոստիկանությունում է գտնվում 2012-ի հունիսից ի վեր: Այդ ժամանակ Լազարենկոյի առանձնատունը կողոպտել էին դեռահասները: Մի քանի օր անց քաղաքական գործչի հարևանը տան մերձակայքում գտել է նկարը: Կողոպուտի ժամանակ Լազարենկոն բանտում է եղել:









































