Դիզայներ Լիլիթ Մարգարյանը ափսոսում է, որ մեզանում դեռ շարունակում են վազել վրացի մոդելների, ռուս դիզայներների ու երգիչների հետևից՝ անտեսելով տեղի ստեղծագործողներին ու դրանով ևս մեկ հարված հասցնելով իրենց: «Ամեն քայլափոխի հիասթափեցնում են մեզ: Մենք անընդհատ կոտրվում ենք: Ոչ ոք չի մտածում՝ ինչ պայմաններում են աշխատում մեր դիզայներները: Չգնահատված լինելու սինդրոմ կա բոլոր հայ դիզայներների մոտ»,- անկեղծանում է նա:
Վերջինս կարևորում է նորաձևության ոլորտին պետական օժանդակությունն ու հովանավորությունը՝ ընդգծելով, որ դիզայների համար դժվարին ժամանակներ են՝ «ամեն վայրկյան ամեն ինչ թանկանում է»:
Ըստ դիզայների՝ կողքից նայելիս այնպիսի տպավորություն է, թե հայ ազգն ապրում է նորաձևությամբ, ամեն պահի շոու-բիզնեսի ինչ-որ աստղեր իրենց դնում են «նորաձևության ասի» տեղ՝ մոռանալով, որ նորաձևությունը copy-paste չէ:
«Սա պահանջում է լուրջ կրթություն, երկար տարիների մասնագիտական փորձ: Այսօր այս մասնագիտությունը հավասարեցրել են հողին: Նրանց թվում է՝ մենակ իրենք գիտեն համացանցից օգտվել»,- նշեց դիզայները:
Վերջինիս հետ համամիտ է նաև «Ատեքս» նորաձևության տան տնօրեն Կարինա Դնոյանը, ում կարծիքով՝ վերջիններս իրենց «դիզայներությամբ» գցում են այդ անունը:
«Աղջիկը կամ տղան, որոնք ստեղծել են 5 զգեստ, չեն կարող կոչվել դիզայներ: Նրանք կարող են կոչվել մոդելավորողներ կամ ինչ ասես՝ բացի դիզայներից»,- խոսքն ամփոփեց Կարինա Դնոյանը:










































