Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դեմ: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Փաստաբանը, վկայակոչելով ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի 135-րդ հոդվածը, գրում է. «Դատարանը որոշման մեջ որևէ հիմնավորում չի ներկայացրել, որը նախատեսված է ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի որևէ կետով»:
Փաստաբանը նաև մեջբերում է դատարանի որոշման այն հիմնավորումը, թե «կատարված հանցագործությունը առաջացրած հետևանքների իմաստով շատ ծանր է, այն կյանքից զրկել է 2 երիտասարդ տղաների իրենց ծաղկուն տարիքում, որպիսի հանգամանքը դատարանը դնում է միջնորդությունը բավարարելու հիմքում` նաև մարդկային բարոյականության տեսանկյունից ելնելով»: «Մարդկային բարոյականության տեսանկյունից ելնելով` Վ.Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելը ոչ միայն չի բխում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի` վերը նշված հոդվածի պահանջներից, այլ առհասարակ չի կարող հիմք հանդիսանալ` մարդու նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու համար, քանի որ դատարանի «մարդկային բարոյականության տեսակետը» իրավական կատեգորիա չէ»,- ասված է փաստաբանի ներկայացրած դիմումի տեքստում:
Նիկոլայ Բաղդասարյանն իր դիմումում անդրադառնում է նաև դատարանի մատնանշած մեկ այլ հանգամանքի, որով հանցանքը դատարանի որոշման մեջ որակվել է որպես «ծանր»:
Վարդան Պետրոսյանի փաստաբանը վերաքննիչ դատարանին խնդրում է ամբողջովին բեկանել նախորդ ատյանի դատարանի կայացրած որոշումը` իր պաշտպանյալին կալանավորելու մասին, կամ բավարարել մասնակի` նրա նկատմամբ կիրառելով 500 000 դրամի չափով գրավը` որպես խափանման այլընտրանքային միջոց:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում









































