Մոլդովայում դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել Յուրի Վիլկովին, ով փորձել է այրվող վառելանյութով լի շիշը նետել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ավտոշարասյան ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Վալյա Պերժեյ գյուղի 25-ամյա բնակչին դատապարտել են «Չար խուլիգանություն» հոդվածով: Մինչ այդ Վիլկովը մի քանի անգամ բանտ է նստել տարբեր հանցագործությունների, օրինակ` գողության համար: Մեղադրող կողմի տվյալներով` ավտոշարասյան վրա հարձակման պահին տղամարդն ընկճախտի մեջ և մարիխուանայի ազդեցության տակ է եղել:
Ավտոշարասյան հետ կապված միջադեպը տեղի է ունեցել 2012-ի օգոստոսի 24-ին: Վիլկովը մոտեցել է ոստիկանական շղթային, սպորտային պայուսակից հանել «Մոլոտովի կոկտեյլի» շիշը և փորձել այն շպրտել Մերկելի մոտեցող ավտոշարասյան վրա: Տղամարդու վրա ոստիկան է հարձակվել, շիշն ընկել և այրվել է: Ոչ ոք չի տուժել:








































