Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նոյեմբերի 13-ին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, իր խոսքն ուղղելով տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, անդրադարձավ Կառավարության նոր որոշմանը, որով տաքսիները դեղին պետհամարանիշների փոխարեն սպիտակ պետհամարանիշներ պետք է ունենան, մեքենաներում էլ պիտի տեղադրվեն կպչուն ժապավեններ: Նշենք, որ որոշումը վարորդների դժգոհությունն է առաջացրել:
Փոստանջյանը նշեց, որ ընդունվելու է նախագիծ, ու ցանկանում են տաքսու վարորդների խնդիրը բերել այս դաշտ և ևս մեկ անգամ մոնոպոլացնել այս ոլորտը: «Այսպես է ընդունված հա՞, դուք ինչ ասում եք՝ այստեղ անցնո՞ւմ է: Եթե Բեգլարյան Գագիկն ուզենար մոնոպոլիա ստեղծել, ըստ օրենքի նախագծի՝ տաքսիստների աշխատանքն այսքան չէր պարզեցվի, այլ կբարդացվեր»,- ասաց Բեգլարյանը՝ շեշտելով, որ նախկին օրենքով վարորդները պետք է գումար վճարեին տաքսի վարելու համար, բուժզննում անցնեին և այլն, որը բավական ծախսատար էր: Նախարարը հորդորեց Փոստանջյանին գոնե մի անգամ տաքսի նստել, ինչին պատգամավորն արձագանքեց, թե այսօր է տաքսի նստել: «Ես հիմնականում ոտքով եմ տեղաշարժվում, երբեմն օգտվում եմ տաքսի-ծառայությունից, և բոլոր տաքսու վարորդներն ինձ ճանաչում են, ու բոլորն էլ նման բողոքներ են ներկայացնում»,- ասաց նա:
Ի պատասխան՝ նախարարը կարծիք հայտնեց, որ իր բացատրությունը լսելուց հետո պատգամավորը, տաքսի նստելով, վարորդին կասի, որ ինքը սխալ գիտի, որ իրականում պարզեցվում է տաքսիստ-իշխանություն հարաբերությունը, և դա մոնոպոլիա չի կարող ստեղծել: «Կարծում եմ՝ դուք ունեք այն ազնվությունը, որ յուրաքանչյուր տաքսի նստելուց, եթե թյուրըմբռնում ունի այս մոտեցմանը, հակառակը կհամոզեք, որի համար շնորհակալ կլինեմ»,- ասաց նա:










































