Անցած հանգստյան օրերին Ֆիլիպիններին պատուհասած «Հայան» հզոր թայֆունի զոհերի թիվը հասել է 2275-ի: Վնասվածքներ է ստացել ավելի քան 3000 մարդ, ևս 84-ն անհետ կորած են համարվում: Այս մասին այսօր հայտնել է Ֆիլիպինների Արտակարգ իրավիճակների ազգային գործակալությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Երկրում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները: Դեռևս բարդ է զոհերի հստակ թիվ նշելն ու տարերային աղետի հասցրած վնասի մասշտաբները որոշելը: ԶԼՄ-ներն ու Լեյտե նահանգի իշխանությունները (հենց այդ նահանգին է բաժին հասել ամենաուժգին հարվածը) հայտնում են ավելի քան 10 հազար զոհի մասին: Երեքշաբթի ամերիկյան CNN-ի հետ հարցազրույցում Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինոն հայտարարել է, որ այդ թվերը չափազանցված են, և զոհերի ընդհանուր թիվը գնահատել 2-2.5 հազար:
Ֆիլիպիններում որոնողական աշխատանքները բարդանում են այն պատճառով, որ որոշ շրջաններ աղետի հետևանքով կտրվել են արտաքին աշխարհից:
«Հայանը» դարձել է այս տարի Խաղաղ օվկիանոսում ձևավորված 30-րդ թայֆունը: Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ քամու արագությունն էպիկենտրոնում կազմել է 87.5 մետր/վայրկյան: