Մշտապես պետք է ապահովել ընդդիմադիրների ձայնը, սակայն այն, ինչ տեղի ունեցավ այսօր, անցնում է չափն ու սահմանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ավագանու նիստի ժամանակ նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա հավելեց, որ այսօր, փաստորեն, նիստերի դահլիճում հասարակական կարգն ապահովելու խնդիր կա՝ կարգ, որը կապահովվեր փողոցում, սակայն ավագանու նիստերի դահլիճում դա անել չէր հաջողվում:
«Մենք մշտապես ցանկանում ենք բովանդակային հարցեր քննարկել, սակայն ամեն անգամ փորձ է արվում այդ քննարկումները խաթարել: Իսկ նիստերն այս ձևով խաթարելը նշանակում է խաթարել հետագա ողջ աշխատանքը»,-նշեց նա:








































