Երեքշաբթի Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին գրավոր տեղեկացրել է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում իր տեղից հրաժարվելու որոշման մասին՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Նամակում նշվում է, որ Սաուդյան Արաբիան «ի վիճակի չէ տեղ զբաղեցնել Անվտանգության խորհրդում, որտեղ երկիրն ընտրվել է հոկտեմբերի 17-ին»: ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցչի կողմից ստորագրված փաստաթղթում նշվում է, որ երկիրը, ինչպես նախկինում, պատրաստ է համագործակցել ՄԱԿ-ի հետ՝ ի բարօրություն աշխարհի և վերջինիս զարգացման:
ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին լրագրողներին հաստատել է, որ Պան Գի Մունը նամակ է ստացել Սաուդյան Արաբիայից ԱԽ-ում տեղի վերաբերյալ:
«Այդ հարցով այժմ զբաղվում են Սաուդյան Արաբիայի թագավորությունը, Անվտանգության խորհուրդը և ՄԱԿ անդամ երկրները»,- ասել է Նեսիրկին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիան հրաժարվել է ՄԱԿ ԱԽ-ում ոչ մշտական անդամի տեղից: Թագավորության ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ նման որոշման պատճառը ՄԱԿ ԱԽ-ի «երկակի չափանիշներն են» և միջազգային խնդիրների լուծման անարդյունավետությունը:








































