Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը օրերս խորհրդարանում հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանը, ի հեճուկս իր խոստման, որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել Հայաստանում ներքաղաքական իրավիճակը։ Մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել Փաշինյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ շեշտելով, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կախված է ՀՀ քաղաքացիներից։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքերով՝ ո՛չ ընդդիմադիր ուժերը, ո՛չ էլ հասարակությունը չեն կարողանա խափանել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու ծրագիրը. «Կարող է մի հազար հոգի դուրս գան փողոց երթ, ցույց կամ հանրահավաք անել, բայց դա որևէ բանի չի կարող հանգեցնել։ Դա չի ազդի գործող նախագահի՝ վարչապետ դառնալու փաստի վրա»։
Մեր զրուցակցի կարծիքով՝ ընդդիմադիր ուժերն այդ մասին պետք է մտածեին դեռ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ. «Անհրաժեշտ էր մտածել այդ ժամանակ։ Շատ-շատերը, այդ թվում նաև ես, նշում էինք, որ Սահմանադրություն փոխելու նպատակը մեկն է՝ առ այն, որ գործող նախագահը մնա իշխանության գլխին։ Գործող Սահմանադրությունը նախագահին թույլ չէր տալիս երրորդ անգամ առաջադրվել։ Ինչպես Ադրբեջանում՝ Ալիևի դեպքում, այնպես էլ այստեղ, կարող էին, օրինակ, վերացնել այդ երրորդ անգամը, բայց դա չկատարվեց, տեղի ունեցավ մեկ ուրիշ բան։ Իբրև թե խորհրդարանական համակարգ է, բայց դե ֆակտո սուպեր վարչապետական է։ Հայաստանում ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, ֆինանսական ռեսուրսի շնորհիվ համապատասխան տոկոսները խփվում են և դա հնարավորություն է տալիս տվյալ ուժի ղեկավարին՝ այս դեպքում ՀՀԿ-ին, բազմաթիվ անգամ վարչապետ դառնալ։ Դա կարող է դեռ մի 20 տարի էլ տևել»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։
Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակում քաղաքական ուժերն անզոր են որևէ բան անել։ «Հասարակությունն արդեն վաղուց գործոն չէ իշխանությունների ձևավորման գործընթացում»,- եզրափակեց նա։
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով՝ վտանգ կարող է ներկայացնել միայն փոփոխությունը, այն էլ համակարգի ներսում։ «Իսկ չփոփոխվող համակարգում ի՞նչ ռիսկ կարող է լինել։ Գործող իշխանություն հանդիսացող կուսակցության նախագահը, թե որ պաշտոնում կհայտնվի՝ ռիսկ չի պարունակում, այդ ինչքան պետք է կտրված լինես իրականությունից, որ մտածես, թե դա կարող է իրավիճակ սրել։ Բացի այդ՝ ո՞ւմ եք տեսնում Հանրապետականում նրան փոխարինող, ունենք այն, ինչ ունենք։ Կա մեկ ընդդիմադիր կուսակցություն, «Ծառուկյան» դաշինք և կոալիցիոն երկու ուժ․ նրանք ունեն առաջնորդ, գուցե դա շատերին դուր չի գալիս, բայց ինձ համար Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում հայտնվելը երբեք զարմանք չի առաջացնի»,- նկատեց նա։
Արդյո՞ք այդ որոշումը կլցնի ժողովրդի համբերության բաժակը, հարցին ի պատասխան, Կարեն Սարգսյանը նշեց. «Եթե «Ելք» դաշինքը շարունակի նմանատիպ հայտարարություններով հանդես գալ՝ իրոք բաժակը կլցվի, եղած վարկանիշն էլ կկորցնի։ Ինձ թվում է՝ «Ելք»-ը պետք է շատ ավելի լուրջ բաներով զբաղվի»։
Լուսանկարը՝ Photolure-ի









































