ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն են հայտնել Սիրիայի և Իրանի հարցով ժնևյան բանակցությունների շարունակմանը: Այս մասին հայտնել է RIA Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ տանը:
«Ինչ վերաբերում է Իրանին, նախագահն ու վարչապետը հաստատել են աջակցությունը «վեցյակի» միասնական առաջարկին և քննարկել են իրենց ակնկալիքները բանակցությունների հաջորդ ռաունդից… Առաջնորդներն աջակցություն են հայտնել նաև Սիրիայի հարցով «Ժնև 2» համաժողովի անցկացմանը և ողջունել դրան մասնակցելու Սիրիական ազգային կոալիցիայի որոշումը»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Շաբաթ Ժնևում առանց որևէ համաձայնության ավարտվել է Իրանի և «վեցյակի» բանակցությունների հերթական ռաունդը, որտեղ Թեհրանին առաջարկել են դադարեցնել միջուկային ծրագիրը՝ միջազգային պատժամիջոցների մասնակի վերացման դիմաց: Նոր բանակցությունները կկայանան նոյեմբերի 20-ին:
Ժնևում նաև պատրաստվում է ներսիրիական խնդրի կարգավորմանն ուղղված երկրորդ համաժողովը:








































