Դատախազությունն առաջարկում է 2014-ի աշնանը դատական գործընթաց սկսել Ջոհար Ցարնաևի դեմ: Երեքշաբթի Բոստոնում կայացած նախնական լսումների ժամանակ պաշտպանական կողմը նման ժամկետներն անիրատեսական է համարել:
Ամերիկացի դատախազները մտադիր են մինչև շաբաթվա վերջ որոշել՝ ահաբեկչության մեջ կասկածվող Ջոհար Ցարնաևի համար մահապատիժ կպահանջե՞ն, թե՞ ոչ: Այս մասին հայտնում է CBS-ը:
Դատախազությունն ավարտում է այդ հարցով գրավոր առաջարկների կազմման աշխատանքները, որոնք կներկայացվեն ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին: Դատարանի փոխանցմամբ՝ նա էլ կկայացնի վերջնական որոշումը մինչև 2014-ի հունվարի վերջ:
Ցարնաևի փաստաբան Միրիամ Կոնրադը կարծում է, որ մեղադրող կողմը, առաջարկելով նման ժամկետներ, ցանկանում է ներգրավել իր համար բոլոր հնարավոր առավելությունները: Նա հիշեցրել է, որ մեղադրող կողմը պաշտպանությանը չի փոխանցել ողջ պահանջված տեղեկատվությունը: Ցարնաևի փաստաբանները նաև վիճարկում են նրա պահման պայմանները՝ համարելով դրանք չափազանց կոշտ:
Հիշեցնենք, որ 2013-ի ապրիլի 15-ին Բոստոնում միջազգային մարաթոնի ավարտին պայթյուններ էին որոտացել, որոնք 3 մարդու կյանք էին խլել:
Ջոհարը քննիչներին պատմել է, որ պայթյունների միջոցով իր վրեժն է լուծել ԱՄՆ-ից՝ Աֆղանստանում և Իրաքում գործողությունների դիմաց:









































