ԱՄՆ արդարադատության նախարարությունը համաձայնության է հասել American Airlines-ի ու US Airways-ի հետ, որը ավիափոխադրողներին թույլ կտա ավարտել միաձուլման գործընթացն ու ձևավորել աշխարհում խոշորագույն ավիաընկերությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Համաձայն պայմանավորվածությունների՝ նոր միավորված ընկերությունը ստիպված կլինի ԱՄՆ-ի խոշորագույն օդանավակայաններում բյուջետային ավիաընկերություններին թռիչքի և վայրէջքի մի քանի սլոտներ տալ՝ մենաշնորհատեր չդառնալու համար: Սլոտը ինքնաթիռի թռիչքի ու վայրէջքի իրականացման ժամանակային միջակայքն է: Սլոտները խոշոր գերբեռնված օդանավակայաններում կարող են շատ թանկ արժենալ:
11 մլրդ դոլար արժողությամբ գործարքը մարտին հավանության էին արժանացրել ամերիկյան դաշնային դատարանն ու ԵՄ-ն:
Սակայն ավելի ուշ դաշնային կառավարությունը հայց էր ներկայացրել, որում ասվում էր, որ երկու ավիափոխադրողների միավորումը զգալիորն կնվազեցնի մրցակցությունը ԱՄՆ-ի ներքին շուկայում, ինչի հետևանքով կբարձրանա տոմսի արժեքը, կտուժեն սպառողները:









































