Ալավերդցի Վահագն Աբգարյանի մասնակցությամբ քրեական գործը գնալով նոր երանգներ է ստանում։ Ինչպես ասում են՝ այդ խմորը գնալով շատ ջուր է վերցնելու։ Ընդ որում՝ խոսքը պաշտոնյաների ձերբակալությունների և կալանավորումների մասին է։
Ինչպես գիտենք, նախօրեին ձերբակալվեց և կալանավորվեց Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանը։ Նույն գործի շրջանակներում արդեն 4 կալանավորված քննիչ կա։
Ալավերդիում մեր աղբյուրները պատմեցին, որ ձերբակալությունների ալիքը հասնելու է ընդհուպ՝ Լոռու ոստիկանության պետ և գործը հսկող դատախազ, քանի որ մոտ երկու տարի առաջ Ալավերդու շուկայում կատարված սպանությունից, կրակոցներից հետո հարուցված քրեական գործով պատշաճ քննություն չի գնացել։ Քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել բացառապես հսկող դատախազի վերահսկողությամբ։ Բացի այդ, նախաքննության ամբողջ ընթացքում քննիչների կողմից կայացված բոլոր որոշումների օրինականությունը հաստատել է հենց հսկող դատախազը։ Եվ ստացվում է, որ եթե Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Շուշանյանը կարող է կալանավորվել կաշառքի մեղադրանքով, ապա նույնքան մեղքի բաժին էլ ունի հսկող դատախազը։ Եվ եթե վերջինս ոչ մի թերություն չի տեսել գործում, նշանակում է, որ կամ ենթադրյալ կաշառքից իրեն էլ է բաժին հասել, կամ բացարձակ չի տիրապետել իր լիազորություններին։ Հակառակ դեպքում, հսկողություն իրականացնող դատախազը, որի անունը խիստ գաղտնի է պահվում, կնկատեր, որ գործում ինչ-որ բան այն չէ։ Եվ եթե նախօրեին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, խոսելով Քննչական կոմիտեի պաշտոնյայի կալանավորման մասին, հայտարարում էր, որ պետական պաշտոնյան պետք է մտածի իր և պետության հեղինակության մասին, ապա, նվազագույնը առաջիկայում, այս գործը հսկող դատախազի գործողությունները ևս պետք է դարձնի քննության առարկա։
Ի դեպ, ալավերդցիների խոսքերով՝ Վահագն Աբգարյանի կալանավորումից հետո Ալավերդիում շատ անորոշ վիճակ է ստեղծվել։ «Վահագը սանիտարի դեր էր կատարում մեր քաղաքում։ Երբ երկու հոգի կռվում էին, Վահագի միջոցով հարցերը լուծվում էին։ Հիմա Վահագը չկա, անարխիան էլի գլուխ ա բարձրացնելու ու արդեն բարձրացրել ա։ Շուտով ձայնը կլսեք»,- պատմեց մի տարեց ալավերդցի։
Ի դեպ, մեր զրուցակիցների մեծ մասը, այս տարիներին Ալավերդիում կատարված բոլոր սպանությունների և աղմկահարույց դեպքերի հիմնական մեղավորը համարում էին ոստիկանությանը, որ այդ սպանությունները կանխարգելող որևէ քայլ չի ձեռնարկել։ Ավելին, առավելագույնը աշխատել է հանցագործությունները կոծկելու և երկու կլանների միջև հակասությունն ավելի սրելու ուղղությամբ։ Օրինակ՝ մեզ պատմեցին, որ շուկայի սպանությունից հետո, գործով անցնողներից մեկին, որը հիմա հետախուզման մեջ է, հենց Ալավերդու ոստիկանությունից են կանչել և հրահանգել լքել երկիրը, քանի դեռ նրան էլ չեն ձերբակալել։










































