Լեհաստանի ոստիկանությունն Անկախության օրվա անկարգությունների հետ կապված Վարշավայում ձերբակալել է 72 մարդու, այդ թվում երեքին՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ իրականացրած հրդեհումների ու խուլիգանության համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Նրանց դեմ դեռևս մեղադրանքներ չեն առաջադրվել, նյութեր են հավաքվում:
Վարշավայում երկուշաբթի օրը լեհ ազգայնական և աջ արմատական կազմակերպությունների նախաձեռնած «Անկախության երթի» մասնակիցները մեքենաներ են հրդեհել, քարեր ու ճայթրուկներ նետել նրանց ճանապարհին գտնված Ռուսաստանի դեսպանատան տարածք, հրդեհել դիվանագիտական առաքելության ցանկապատի մոտ գտնվող ոստիկանական խուցն ու աղբարկղը:
Ցուցարարների հետ բախումներում վիրավորվել է 12 ոստիկան: Լեհաստանի ոստիկանության ներկայացուցիչ Մարիուշ Սոկոլովսկին հայտնել է, որ ընդհանուր առմամբ 19 մարդ է տուժել:
Վարշավայում երեք զանգվածային միջոցառումների մասնակիցների ընդհանուր թիվը, ոստիկանության գնահատմամբ, հասել է 66 հազարի: Խոշորագույն միջոցառումը եղել է «Անկախության երթը»: