Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում միակ թեկնածու Իշխան Զաքարյանի ընտրություններին մասնակցելուց հետո ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը պատասխանեց լրագրողների այդ և մի քանի այլ թեմաներով հնչեցրած հարցերին:
– Պարոն Աբրահամյան, ինչո՞ւ որոշեցիք Իշխան Զաքարյանին նորից առաջադրել ՎՊ նախագահի պաշտոնում:
– Դա Ազգային ժողվի լիազորությունը չէ, նախագահը որոշում է կայացրել և առաջարկել է նրա թեկնածությունը: Իսկ այսօրվա քվեարկության արդյունքներով որոշում կկայացվի՝ ԱԺ կողմից կնշանակվի՞, թե՞ ոչ:
– Տեսակետներ հնչեցին, թե նա չի կարող չարաշահումները բացահայտել, և որ բացահայտման բանալին այլ մարդու ձեռքում է:
– Եթե մենք տեսակետների հետ հաշվի նստենք, կխճճվենք: Տեսակետներն այնքան շատ են և շինծու, որ, իմ կարծիքով, դրանց հետ հաշվի նստելու կարիք չկա:
– Անցած մի քանի օրերին պատգամավորների լիազորությունները խոչընդոտելու դեպքեր եղան: Երեկ էլ պատգամավորները հայտարարեցին, որ նման դեպքերն արդեն ԱԺ վարկի հարցն են դնում: Չե՞ք զգում, որ պատգամավորներին չեն հարգում, և այդ վարկը բարձրացնելու հարցով զբաղվելու եք, թե ոչ:
– Հիմա գիտեք ինչ, լավ չէ, որ պատգամավորները պարբերաբար են հիշում ԱԺ հեղինակության մասին կամ պատգամավորի պատվի ու արժանապատվության մասին: Եթե խոսքը Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանին և Զարուհի Փոստանջյանին է վերաբերում, մենք երեկ քննարկել ենք այդ հարցը: Իհարկե, ներկա են եղել Ն.Փաշինյանն ու Լ.Զուրաբյանը, ինչպես նաև ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը և պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը: Մենք քննարկել ենք և նախաձեռնել ենք, որ հանդիպենք պատկան մարմնի ղեկավարի հետ, որովհետև փորձելու ենք այդ հարցերի պատասխանը ստանալ:
– Ինչու պաշտպանեցիք…
– Իմ տեղը դուք որոշում մի կայացրեք՝ պաշտպանեմ թե ոչ: Ես մի քանի անգամ իմ տեսակետը հայտնել եմ, մի քանի անգամ էլ այդ հարցին պատասխանել եմ, և մենք չենք իրավապահ այն մարմինը, որ պետք է որոշում կայացնենք կամ գնահատական տանք: Մենք Գլխավոր դատախազություն ենք ուղարկել այդ փաթեթը, որտեղ քննարկման արդյունքում եղել են չարաշահումներ, խախտումներ:
– Ի.Զաքարյանի առանձնատան մասին ի՞նչ կասեք:
– Ես չեմ տեսել, չեմ եղել, դրա համար էլ կարծիք չունեմ:
– ՎՊ նախագահի թեկնածուն նախապես հանդիպել էր խմբակցությունների հետ: Ավելի արդյունավետ աշխատելու ի՞նչ քննարկումներ են եղել մասնավորապես Հանրապետական խմբակցությունում:
– Քանի որ ՀՀԿ խմբակցությունն աջակցում է նրան և որոշում է կայացրել, որ կողմ քվեարկի այդ նշանակման գործընթացին, իրենք և մենք բոլորս պատասխանատվություն ունենք, պիտի աջակցենք, որ Վերահսկիչ պալատը նորմալ աշխատի: Եվ մենք նորմալ աշխատանքի արդյունքում պետք է աշխատենք վեր հանել այն թերությունները, այն խախտումները, այն չարաշահումները, որոնք, իրոք, ճիշտ են, հիմնավոր են, որոնք կան, և պատկան մարմինները պետք է իրենց գնահատականը տան դրանց հետ կապված:
Լոկ խոսքեր կան, քննադատություններ կան, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Մենք պետք է ձեռնպահ մնանք նման քննարկումներից, քննադատություններից՝ անհիմն: Եվ հիմա ՎՊ-ի, նախագահի և ողջ աշխատակազմի խնդիրն այն է, որ վեր հանեն այնպիսի խնդիրները, որոնք օրենքով իրականությանը համապատասխան են և ոչ թե հնչեցվեն ԱԺ ամբիոնից, գնահատականներ տրվեն, բայց արդյունքում որևէ իրավական խախտում չլինի: Դա շատ կարևոր հանգամանք է, և ՎՊ նախագահի ուշադրությունը ես հրավիրել եմ այդ հանգամանքի վրա, որ հիմնավորվի, հետո նոր ներկայացվի այս ամբիոնից, նոր գնահատականներ տրվեն:
– Իսկ Ձեր կողմից Գլխավոր դատախազություն ուղարկված՝ ՎՊ ուսումնասիրությունների, խախտումների հետ կապված քրեական գործերի ճակատագրից տեղյա՞կ եք:
– Ոչ:
– Այսինքն՝ մինչև հիմա չե՞ք հետաքրքրվել:
– Դեռ ոչ:
– Բայց Դուք էիք ուղարկել Գլխավոր դատախազություն:
– Ուղարկել եմ, մենք դեռ պատասխանը չունենք, գնահատականներն արդյունքում կերևան:
– Բայց Ձեզ չե՞ն հետաքրքրում դրանց ճակատագրերը:
– Իմ կարծիքով՝ իրենք կպատասխանեն մեզ, և դա թաքցնելու հարց չէ: Իսկ գնահատականները կտրվեն պրոցեսների արդյունքում:
– Եթե ընդդիմադիրների նման անկեղծ լինեք, տեսե՞լ եք…
– Ես ընդդիմադիրների նման անկեղծ չեմ ուզում լինել, ես ընդհանրապես անկեղծ եմ, նաև ձեզ հետ՝ հակառակ ձեզ, որոշ լրագրողների:









































