ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Օկոնի քաղաքի ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկի հովացման համակարգից ռադիոկատիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել: Վնասված ռեակտորի աշխատանքը դադարեցվել է՝ WYFF հեռուստաալիքին հայտնել է Duke Energy շահագործող ընկերության ներկայացուցիչ Բի Ջեյ Գատենը:
Նա վստահեցրել է, որ արտահոսքը շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում, քանի որ վարակված հեղուկը գտնվում է միջուկային ռեակտորի պաշտպանիչ պարկուճի ներսում: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Արտահոսքի մասին կասկածները ԱԷԿ-ի աշխատողները հայտնել էին դեռևս ուրբաթ: Մի քանի օրում իրականացվել է բոլոր օբյեկտների ուսումնասիրություն և վնասվածքի տեղը հայտնաբերվել է: Պարզվել է, որ շարքից դուրս է եկել առաջին էներգաբլոկի հովացման համակարգը:
Բոլոր աշխատողները տարհանվել են: Արտահոսքի հաստատման համար ռոբոտ է ուղարկվել վթարի վայր:
Պարզվել է, որ վարակված ջուրը հոսում է միջինը 300 մլ/րոպե արագությամբ, ինչը վտանգ չի ներկայացնում: Վնասվածքի պատճառների հետաքննությամբ այժմ զբաղվում է հատուկ հանձնաժողովը:
Գատենը վստահեցրել է, որ արտահոսքը կվերացվի առանց շրջակա միջավայրի համար սպառնալիքի:
Նշվում է, որ աշխատանքները չեն ազդի էլեկտրաէներգիայի բաշխման վրա: ԱԷԿ-ը երեք էներգաբլոկ ունի, այն գործարկվել է 70-ականների սկզբներին: ԱԷԿ-ի այժմյան լիցենզիան ավարտվում է 2033-ին:







































