Ֆիլիպիններում «Հայան» փոթորկից տուժածներին ՄԱԿ-ը կհատկացնի 25 մլն դոլարի օգնություն՝ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«ՄԱԿ-ը հայտարարել է անհապաղ 25 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ ուղղված շտապ օգնության ջանքերի ֆինանսավորմանը»,- ասել է Պան Գի Մունը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Այսօր Ֆիլիպիններ կթռչի մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը՝ տեղում կարիքավորներին օգնություն տրամադրելու համար:
Իտալիան, իր հերթին, Ֆիլիպիններում փոթորկից տուժածներին կհատկացնի 1.5 մլն եվրոյի մարդասիրական օգնություն: Այս մասին հայտնում է Իտալիայի արտգործնախարարությունը:
Մասնավորապես, խոսքն առաջին անհրաժեշտության իրերի՝ ծածկոցների, վրանների, ջրի զտիչների մասին է՝ 350 հազար եվրո արժողությամբ: Նույն նպատակով ևս 300 հազար եվրո կտրամադրի Պարենի համաշխարհային կազմակերպությունը:









































