Սիրիական օդուժը հարվածներ է հասցնում գրոհայինների դիրքերին Հալեպից արևելք և փորձում վերացնել Քուվեյրասի ռազմական օդակայանի պաշարումը: Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Կառավարական զորքերն արդեն անցած շաբաթվա վերջին ապաարգելափակել էին Հալեպի միջազգային օդանավակայան տանող մայրուղին և դուրս մղել գրոհայիններին Նեյրաբ շրջանի ռազմական օդակայանից: Զինված խմբավորումները դուրս են մղվել նաև քրդերով բնակեցված Թել-Արն, Թել-Հասիլ և Թել-Շուգեյբ բնակավայրերից:
Այժմ մարտի ճակատն անցնում է Սալամիա քաղաքից (Համա նահանգ) Հանասիրո, ինչը ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ վկայում է Հալեպի հարավից ու արևելքից հակառակորդի մատակարարումների բոլոր գծերը փակելու սիրիական բանակի ձգտման մասին:
Թուրք-սիրիական սահմանին գտնվող Այն Ալ-Արաբ քաղաքից ստացվող տեղեկությունների համաձայն՝ երեկ երեկոյան այնտեղ պայթել է ականապատված մեքենա: Քրդական Կարմիր մահիկի շենքի մոտ իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 11 խաղաղ բնակիչ, ևս 23-ը վիրավորվել են:
«Սուրիա Ալ-Էն» գործակալությունը հայտնում է Դամասկոսի գլխավերևում իրանական արտադրության «Յասիր» անօդաչուների հայտնվելու մասին:









































