«Ես ուզում եմ դիմել մեր երկրում հավատարմագրված բոլոր դեսպաններին՝ Հայաստանի ներկայիս ծանր իրավիճակը պայմանավորված է նաև նրանց մեղքով․ Հայաստանում բազմաթիվ անգամներ կեղծվել են ընտրությունները, բազմաթիվ անգամներ խախտվել է Սահմանադրությունը, մարդու իրավունքները, բայց բոլորը լռել են ՝ հույս ունենալով, որ կայուն պայմաններում կհասնեն երկրի զարգացման, սակայն հիմա տեսնում ենք, որ իրենց պատկերացրած կայուն պայմանները Հայաստանում ստեղծել են ճահճային մթնոլորտ՝ զարգացում չկա։ Հիմա ես ուզում եմ դիմել նաև նրանց, որպեսզի նրանք ակտիվ մասնակցություն ունենան և ազդեն Սերժ Սարգսյանի վրա, որպեսզի վերջինս չառաջադրի իր թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախկին համակիր Գրիշա Վիրաբյանը։
Վերջինիս խոսքերով՝ ինքը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների, հասարակական գործիչների հետ և պատրաստվում է նրանց հետ միասին ստեղծել քաղաքական պայքարի շրջանակ և մարտի 20-ից հետո ազդարարել տևական պայքարի մասին։
Վիրաբյանի տեղեկացմամբ՝ իրենց կողմից կառաջադրվի նաև վարչապետի մի քանի թեկնածու, սակայն այս պահի դրությամբ կոնկրետ անուններ հրապարակել մեր զրուցակիցը չի շտապում՝ ասելով, որ գործընթացը դեռևս քննարկման փուլում է։
Վիրաբյանը հավաստիացրեց նաև, որ կազմակերպվելու են հանրահավաքներ ու զանգվածային բողոքի ակցիաներ։
Մանրամասները՝ տեսանյութում։









































