ԱՄՆ ռազմածովային ուժերի Mount Whitney նավի անձնակազմը, որը երկուշաբթի մտել է Բաթումի նավահանգիստ,Վրաստանի ՆԳՆ և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ կմասնակցի զորավարժությունների: ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը Վրաստանի տարածքում կմնա մինչև նոյեմբերի 13-ը՝ հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Նոյեմբերի 12-ին Վրաստանի ՆԳՆ ծովային ոստիկանության ափամերձ պահպանության աշխատակիցները և պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի ջրասուզորդները նավի անձնակազմի հետ ծովի հատակին կանցկացնեն համատեղ զորավարժանքներ: Բացի այդ, նավի վրա կանցկացվեն հակահրդեհային և խորտակման դեմ զորավարժանքներ»,- հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայությունը:
Այցի շրջանակներում նախատեսվում է ֆուտբոլային խաղ՝ ամերիկյան նավի անձնակազմի անդամների և սահմանային ոստիկանության ափամերձ պահպանության աշխատակիցների միջև: Բացի այդ, նոյեմբերի 13-ին կանցկացվեն համատեղ մանևրումներ:








































