Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի նորընտիր գյուղապետ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն իր պաշտոնավարման հարյուր օրը լրանալու կապակցությամբ պռոշյանցիներին ներկայացրել է հաշվետվություն` կատարած եւ դեռեւս կատարվելիք աշխատանքների մասով:
Այսպիսով՝ պաշտոնավարման ընթացքում սոցիալապես անապահով ընտանիքներին տրվել է շուրջ 1 մլն. 665 հազար դրամ օգնություն, ոռոգման ջրի վարձավճարների դիմաց համագյուղացիները ստացել են շուրջ 1 մլն. դրամ օգնություն, սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողները ստացել են շուրջ 870 հազար դրամ օգնություն:
Ներկայացվել է նաև համայնքում կատարված ասֆալտապատման և բարեկարգման մասին տեղեկատվություն՝ ըստ որի Պռոշյան գյուղում իրականացվել է շուրջ 19 մլն. 850 հազար դրամի ասֆալտապատման և փոսալցման աշխատանքներ, ինչպես նաև կատարվել է կոյուղու կապիտալ վերանորոգում և կոյուղագծերի անանցանելիության վերացում՝ շուրջ 7 մլն. 800 հազար դրամ արժողությամբ:
Գյուղապետը ներկայացրել է նաև, թե ինչ խնդիրներ են ծառացել համայնքում գյուղապետարանի նախկին աշխատակազմի գործունեության հետևանքով: Այսպիսով համայնքապետարանից ամբողջովին անհետացել է անհրաժեշտ տեղեկատվական բազան, չի պահպանվել ոչ մի փաստաթուղթ: Նոր աշխատակազմին հաջողվել է վերականգնել տեղեկատվության մի մասը՝ 2006-2013 թվ. գյուղապետարանի աշխատակազմի կատարած գործարքների վերաբերյալ:
Այսպիսով՝ աճուրդների միջոցով վաճառվել է համայնքին պատկանող բոլոր գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, ընդ որում՝ այդ հողերի մեծ մասը՝ շուրջ 120 հա հողատարածք վաճառվել է 26 դրամ 1 քմ-ի դիմաց արժեքով, միևնույն ժամանակ այդ օտարված հողատարածքից գյուղապետարանի բյուջե տարեկան մուտքագրվել է 150 հազար դրամ գումար, ինչպես նաև մեկ օրվա ընթացքում այլ համայնքի բնակիչ մեկ անձի է վաճառվել շուրջ 38 հա հողատարածք, որի դիմաց սեփականատերը գյուղապետարանի բյուջե է մուծել տարեկան ընդամենը 47 հազար դրամ:
Համայնքի ղեկավարի հաշվետվության համաձայն ներկայումս համայնքն ունի բարերարներ, ովքեր իրենց հնարավորություններով կարող են ցուցաբերել աջակցություն մանկական խաղահրապարակ կառուցելու գործում, սակայն համայնքն այլևս չունի չվաճառված հողատարածք:
Պռոշյանի նորընտիր գյուղապետը համագյուղացիներին ներկայացրել է նաև նախկին աշխատակազմի պաշտոնավարման ընթացքում օտարված հողերը չնչին գնով ձեռք բերած անձանց անունները, արդյունքում այդ անձանց մեծամասնությունը աշխատակազմի անդամների մտերիմ բարեկամներն են կամ նրանց ընտանիքների անդամները:









































