Պակիստանում և Աֆղանստանում գործող «Հաքանի» ահաբեկչական ցանցի առաջնորդներից մեկը սպանվել է անհայտ անձանց կողմից՝ Իսլամաբադում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրներին:
Այդ տվյալների համաձայն՝ Նասիրուդին Հաքանին զբաղվել է նույնանուն ցանցի ֆինանսներով, որը սերտ կապեր ունի «Թալիբան» շարժման հետ: Նրան սպանել են ավտոմեքենայում, երբ նա ընթանում էր մի քանի մարդկանց ուղեկցությամբ, որոնց ինքնությունը պարզված չէ:
Սպանության պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել: Հայտնի է, որ Հաքանիի անունը ներառված է եղել ամենահետախուզվող ահաբեկիչների ամերիկյան ցուցակում: ԱՄՆ-ը Պակիստանի ղեկավարությանը բազմիցս մեղադրել է «Հաքանի»-ի հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ, որն իր հերթին հերքել է ցանկացած համագործակցություն ահաբեկչական ցանցի հետ:









































