ՀՀ Ազգային Ժողովը նոյեմբերի 11-ի նիստում ձայների 69 կողմ, 31 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրենքի նախագիծը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե «անբարոյական է» կողմ քվեարկել բարձրաստիճան պաշտոնյաների, իշխանության ներկայացուցիչների աշխատավարձը բարձրացնելու համար: Նա նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին, քանի որ բարձրաստիճան պատոնյաների հարցը շտապ չէ՝ նրանց երեխաները և ծնողները քաղցած չեն, ինչպես շուրջ կես մլն հայ բնակչության դեպքում է:
Փոստանջյանի արտահայտությունը պատգամավորներին դուր չեկավ: Նախ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղից իր անհամաձայնությունը հայտնեց: «Դա պատգամավորի իրավունքն է տիկին Փոստանջյան, Դուք ի՞նչ իրավունք ունեք դա համարեք անբարոյականություն: Իրավաբան եք, ձեզ կոռեկտ պահեք»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս հայտարարեց, թե իրենք դեմ են օրինագծին, որովհետև անընդունելի են համարում կողմ քվեարկել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը այն դեպքում, երբ ժողովուրդը աղքատության մեջ է:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ևս կոչ արեց որակումներ չանել, ապա հիշեցրեց, որ խոսքը ոչ միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին է, այլև քաղաքացիական ծառայողների՝ շուրջ 170 հազար աշխատողների մասին: «Այն 500-ը, որոնց թվին մենք էլ ենք պատկանում, կարող ենք հրաժարվել աշխատավարձից»,- ասաց նա:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հիշեցրեց, թե տարիներ շարունակ առաջարկել են անցնել աշխատավարձերի միասնական քաղաքականությանը, ուստի իրենք կողմ են քվեարկելու աշխատավարձի բարձրացմանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, թե իրենք կողմ են, որ այդ քաղծառայողների աշխատավարձերը բարձրացվեն, բայց դեմ են, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն են այդ չափով բարձրանում, ուստի իրենք էլ դեմ կքվեարկեն՝ առանց որակումների։
ՀՀԿ պատգամավոր Մարգաիրտ Եսայանը հստակեցրեց, թե իրենք սեփական աշխատավարձը չեն բարձրացնում: Նրա խոսքով՝ առաջին անգամ տեղի է ունենում աշխատավարձի նման բարձրացում, և պետք է ողջունել դա: Ընդդիմադիրների հայտարարությունները նա որակեց պոպուլիզմ, խորհուրդ տվեց բարձրացումից բողոքողները հրաժարվեն իրենց աշխատավարձից:
ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը կոչ արեց չհնչեցնել վիրավորանքներ, փոխարենը խորհուրդ տվեց նախագծի վերնագիրն ուշադիր կարդալ։ «Սա պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին է»,- ասաց նա։ Նույն խորհուրդը տվեց նաև Հակոբ Հակոբյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով այսօր խորհրդարան էր եկել, նշեց, որ կառավարությունն այստեղ «պադվոխա» ունի: Բագրատյանը հայտնեց, որ իշխանությունն իրավունք չունի սեփական աշխատավարձը բարձրացնելու, կարող է բարձրացնել ընդդիմության, հաջորդ գումարման խորհրդարանի անդամների աշխատավարձերը, բայց ոչ սեփականը։ «Ցանկանում եք բարձրացնել, շատ լավ, բայց իշխանությունն իրավունք չունի իր աշխատավարձը բարձրացնի. բարձրացրեք հաջորդ իշխանության աշխատավարձը, այսինքն՝ այն, որ ուժի մեջ կմտնի միայն 2017թվականից»,- ասաց նա։









































