ՀՊՃՀ-ի շուրջ 250 դասախոսներ շարունակում են պահանջել բուհի ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականը: Ասուլիսից հետո նրանք ՀՀ նախագահին ուղղված նամակը կտանեն նախագահական:
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Ճարտարագիտական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ նախագահին ուղղված նամակը ստորագրել են 250-ից ավելի աշխատակիցներ: Նամակում նրանք հիմնավորել են Արա Ավետիսյանի՝ ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնում աշխատելու աննպատակահարմարությունը:
Դասախոսները նշեցին, որ ՀՊՃՀ-ում կրքերն ամենևին չեն մարել, ինչի մասին էլ վկայում է այս ստորագրահավաքը: «Բան այն է, որ Արա Ավետիսյանը երկու շաբաթ համալսարանը թողնելով մեծ լարվածության մեջ՝ գերադասեց մեկնել Գերմանիա և, ըստ էության, նախարարի հրամանը չկատարեց»,- ասաց Աշոտ Խաչատրյանը՝ հիմնավորելով, որ Արա Ավետիսյանը չի կատարել նաև նախարարի հրամանը: ԿԳ նախարարն ասում էր, որ հոկտեմբերի աշխատավարձը դասախոսները կստանան վերականգնված տարբերակով, սակայն այս ամիս նույնպես նրանք ցածր աշատավարձ են ստացել:
Արա Ավետիսյանը, նրա խոսքով, իր սխալը գիտխորհրդի վրա է փորձում բարդել:
Դասախոսներն ասացին, որ ուսանողությունը իրեն դեռևս «քցված» վիճակում է համարում, քանի որ ուսումնական գործընթացը դեֆորմացած է ընթանում, ինչի մասին փաստել է նաև գիտխորհրդի նախագահը:
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտական լաբորատորիայի վարիչ Էդվարդ Մանուկյանը նշեց, որ Պելիտեխնիկի դեպքում կծիկն այնքան մեծ է, և եթե այս ուղղությամբ շարժվի պոլիտեխնիկը, այն ուղղակի կվերանա: «Մենք արտադրում ենք ինժեներ շրջանավարտներ: Պատկերացնո՞ւմ եք՝ բժշկական ինստիտուտի շրջանավարտը չմտնի հիվանդանոց…»,- ասաց նա:
Դասախոսները նաև նշեցին, որ նախկինում կային դասախոս- ուսանող անմիջական շփման ժամեր, այդ ժամները կրճատվել են մեխանիկորեն. և՛ բովանդակային, և՛ քանակական տեսնակյունից բեռ կոչեցյալը մեզ մոտ դեֆորմացվել է, մենք չենք ասում՝ նախկինում գերհագեցած պրոցես ենք ունեցել, ունեցել ենք խնդիրներ, բայց հիմա է՛լ ավելի վատացնել պրոցեսը…
Տեխնիկական գիտությունների թեկնածու, ընդերքաբանության ամբիոնի դոցենտ Գևորգ Բալումյանը այն համոզմունքը հայտնեց, որ այս հարցը կարող է լուծել միայն ՀՀ նախագահը, և ամենակարևոր պատճառն այն է, որ շուրջ երկու տարի է, ինչ ռեկտոր է Արա Ավետիսյանը, բայց կարող ենք արձանագրել, որ ռեգրես ունենք և՛ աշխատողների թվակազմի պատճառով, և՛ աշխատավարձերի նվազման պատճառով, և՛ բազմաթիվ այլ պատճառներով:
Նրանք նշեցին, որ նախարարը տեղյակ է խնդրին, արտաքին միջամտություններով է փորձում հարցը լուծել, բայց պետք է ներքին միջամտություն:
Ի դեպ, ՀՊՃՀ բոլոր հեռացած դասախոսները վաղը ժամը 12-ին բողոքի ակցիա կանեն: Նրանք հույս հայտնեցին, որ հարցը կլուծվի, և նախագահն այդ հարցում իրենց կօգնի:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































