«Մենք 2007թ-ից մինչ օրս կարմրուկ վարակի տեղական շրջանառության վիրուս չունենք և վերջին բռնկումը մեր երկրում գրանցվել է 2004-2006թթ-ին՝ մոտավորապես 4600 հիվանդ ունեցանք։ Դրանից հետո, որպեսզի մենք կարողանանք իրավիճակը վերահսկողության տակ պահել՝ 2007թ-ից մեր երկրում իրականացվեց լրացուցիչ պատվաստումների կոմպանիա՝ կարմրուկի ու կարմրախտի դեմ․ պատվաստեցինք մինչև 28 տարեկան անձանց՝ նպատակ ունենալով վիրուսի շրջանառության վրա ազդել, այսինքն դուրս մղել վիրուսը և երկրում բարենպաստ համաճարակային իրավիճակ ստեղծենք, ինչը մեզ հաջողվեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ անդրադառնալով Հայաստանում կարմրուկի վարակի ներթափանցման ռիսկերի ու դրան դիմակայելու պատրաստվածության մասին։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Վրաստանում գրանցվում են կարմրուկով հիվանդացության բազմաթիվ դեպքեր: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Ուկրաինայում վարակը տարածվելու մասին, որտեղ նույնիսկ մահվան դեպքեր էին գրանցվել՝ 7 հոգի, որից 4-ը անչափահասներ։
Գայանե Սահակյանի հավաստմամբ՝ Հայաստանում կարմրուկի վարակի ընդամենը մեկ դեպք գրանցվել է անցյալ տարի 40 տարեկան անձի մոտ, որը Մոսկվայում չպատվաստված երեխայից էր վարակվել։
«Միայն այս դեպքով սահմանափակվել է, ինչը նշանակում է, որ մենք խոցելի վիճակում չենք գտնվում, բայց, իհարկե, սա չպետք է հանգստացնի մեր բնակչությանը և կոչ ենք անում այն ծնողներին և այն մարդկանց, ովքեր չեն պատվաստվել այս վիրուսի դեմ՝ զգոն լինեն և գնան պատվաստումների, իրենց երեխաներին բերեն պատվաստումների՝ մանավանդ որ երեխաների համար պատվաստումն անվճար է»,- տեղեկացրեց Գայանե Սահակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։








































