Հունաստանում ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ՝ փակված ERT հեռուստառադիոյի նախկին աշխատակիցներին թույլ չտալու համար մտնել Ռադիոյի պալատ, որտեղից նրանց վտարել են նոյեմբերի 7-ի գիշերը:
Մի խումբ մարդիկ շաբաթ երեկոյան փորձել են ճեղքել ոստիկանների պաշարումը, տեղի են ունեցել բախումներ՝ հաղորդում է Ria Novosti-ն:
Ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանում հայտարարել են, որ ոստիկանության գործողություններից տուժել է 3 պատգամավոր:
Պետնախարար Դմիտրիս Ստամատիսը, սակայն, հերքել է այդ մեղադրանքները: «Ըստ մեր ստացած տեղեկությունների՝ պատգամավորների վրա չեն հարձակվել: Այն, ինչ տեղի է ունեցել, պատգամավորների և աշխատակիցների մի խմբի փորձ էր՝ բռնի կերպով ներխուժելու ERT-ի շենք: Մենք թույլ չենք տա կրկին գրավել Ռադիոյի պալատը: Դա պետական սեփականություն է»,- ասել է նա:
Բախումներ են տեղի ունեցել նաև ERT-ի աշխատանքից հեռացված աշխատակիցների և նոր հանրային հեռուստատեսության՝ DT-ի տեխնիկների միջև, որոնց ոստիկանությունը փորձում էր անցկացնել Ռադիոյի պալատի շենք:








































